16 հունիսի 2025 - 16:23 AMT
Թրամփը խստացրել է միգրանտների դեմ միջոցները խոշոր քաղաքներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Միգրացիոն և մաքսային վերահսկողության ծառայությանը (ICE) խստացնել միջոցները մի շարք խոշոր քաղաքներում։

«Մենք պետք է ընդլայնենք անօրինական ներգաղթյալների ձերբակալման և արտաքսման ջանքերը Ամերիկայի խոշորագույն քաղաքներում, ինչպիսիք են Լոս Անջելեսը, Չիկագոն և Նյու Յորքը», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում կիրակի երեկոյան՝ հունիսի 15-ին, հայտնում է Deutsche Welle-ն։

Թրամփի խոսքով՝ այս խստացումները քաղաքներում, որոնք նա անվանել է «դեմոկրատների իշխանության կենտրոնի միջուկ», մաս են կազմում «պատմության մեջ ամենամեծ զանգվածային արտաքսման ծրագրի»։ Իր երկար գրառման մեջ նախագահը նշել է, որ ICE-ի աշխատակիցները պետք է «ամեն ինչ անեն»՝ այդ հրահանգը իրականացնելու համար։

Անօրինական ներգաղթի դեմ պայքարը եղել է Թրամփի 2024 թվականի նախընտրական քարոզարշավի առանցքային խոստումներից։ Նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո միգրացիոն ծառայությունը լայնածավալ ռեյդերի ընթացքում ձերբակալել է ներգաղթյալներին երկրի տարբեր շրջաններում։

Վերջին շաբաթներին տարբեր քաղաքներում աճել են բողոքները այս հակամիգրացիոն գործողությունների դեմ։ Լոս Անջելեսում ավելի քան մեկ շաբաթ առաջ ցույցերը վերածվել են անկարգությունների և բախումների իրավապահների հետ։ Թրամփը Կալիֆորնիայում տեղի ունեցող զարգացումներն անվանել է «գրավում և օկուպացիա»՝ «անօրինական ներգաղթյալների և հանցագործների» կողմից և Կալիֆորնիա է ուղարկել Ազգային գվարդիայի և ծովային հետևակի ստորաբաժանումներ։

Այս քայլը առաջացրել է նահանգային իշխանությունների և նահանգապետ Գևին Նյուսոմի խիստ արձագանքը։ Վերջինս դիտարկվում է որպես Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու 2028 թվականի նախագահական ընտրություններում։

Ամերիկյան օրենսդրությամբ՝ ֆեդերալ կառույցների ուժային ստորաբաժանումների մասնակցությունը անկարգությունների կամ արտակարգ իրավիճակների պայմաններում հնարավոր է միայն նահանգային իշխանությունների կողմից Վաշինգտոն ներկայացված պաշտոնական դիմումի դեպքում։ Բացառություն են կազմում միայն արտաքին ներխուժման կամ պետական կարգի սպառնալիքի դեպքերը։ Մինչդեռ, ինչպես նշել է դեմոկրատ նահանգապետը, Թրամփը առանց Կալիֆորնիայի հետ համաձայնեցման ստորագրել է Ազգային գվարդիան իր հրամանատարությանը հանձնելու հրաման՝ առանց իրավական բավարար հիմքի։