16 հունիսի 2025 - 19:36 AMT
Դատախազությունն ընթացք է տվել լրագրողի և ոստիկանի միջև միջադեպի վերաբերյալ հրապարակումներին

Դատախազությունն ընթացք է տվել հունիսի 16–ի առավոտյան լրագրող Մերի Մանուկյանի և ոստիկանության ծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին վերաբերող մամուլի հրապարակումներին: Այդ մասին տեղեկացրել են գլխավոր դատախազությունից, հայտնում է Factor․ամ–ը:

Առավոտյան Քասախ համայնքի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը՝ բողոքի ակցիայի շրջանակում։ Ակցիայի ընթացքում մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել։

Տեղում աշխատող լրագրող Մերի Մանուկյանը հարց է ուղղել ոստիկաններից մեկին՝ ինչու է նա բռնություն գործադրում բերման ենթարկվող քաղաքացիների նկատմամբ։

«Ի՞նչ ես ուզում, դու ի՞նչ ես ուզում, դիմե՛ք լրատվական ծառայություն»,- բղավել է ոստիկանը, ապա պահանջել լրագրողից՝ չխոչընդոտել իրեն։ Մերի Մանուկյանը պահանջել է իր հետ հանգիստ խոսել։ Ոստիկանները շուտով հեռացրել են իրենց գործընկերոջը լրագրողի մոտից։ Լրագրողը դիմել է այլ ծառայողներին՝ խնդրելով հեռացնել բղավող ոստիկանին, սակայն վերջինս հարվածել է Մերի Մանուկյանին։

Միջադեպից հետո լրագրողին հարվածած ոստիկանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից: