17 հունիսի 2025 - 11:53 AMT
Վեհափառը հորդորել է նորաօծ քահանաներին սերն ու հավատը դարձնել հոգևոր սպասավորության առանցքը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընդունել է մայիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում ձեռնադրված և քառասունօրյա պատրաստության շրջանը ավարտած նորաօծ քահանաներին՝ Մայր Աթոռի լուսարարապետ Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանի գլխավորությամբ, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Վեհափառ Հայրապետը իր խոսքում հորդորել է նորաօծներին՝ սերն ու հավատը դարձնել հոգևոր ծառայության առանցք՝ կյանքի օրինակով, հանձնառությամբ ու հոգատարությամբ վկայելու հոգեփրկչական առաքելությունը հայ ժողովրդի մեջ։

Նա հատուկ ընդգծել է, որ քահանայական ուղին լի է փորձություններով և մարտահրավերներով, որոնց հանդիման չպետք է ընկրկել։ Ըստ Հայոց Հովվապետի՝ այդ դժվարությունները պետք է հաղթահարել հավատքի ամրությամբ, համբերությամբ ու նվիրվածությամբ՝ Սուրբ Հոգու առաջնորդությամբ արդյունավետորեն իրականացնելով հովվական առաքելությունը՝ ի բարօրություն հավատացյալների հոգևոր կյանքի և եկեղեցական կյանքի զորացման։

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը հոգևորականներին օրհնել է «Պահպանիչ» աղոթքով և նրանց ընծայել է ձեռաց խաչեր ու Սուրբ Հաղորդության մասնատուփեր, նշված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։