Հունիսին Հայաստանից Ռուսաստան արտահանված կտրտված ծաղիկների գրեթե ամբողջ խմբաքանակը խախտումներ է ունեցել: Այդ մասին ասվում է «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնական կայքում։
Հատուկ անհանգստություն են հարուցել կտրված ծաղիկների խմբաքանակները․ հունիսին իրականացված մատակարարումներից 80 խմբաքանակից 78-ը չեն ներկայացվել վերահսկող մարմնին՝ առաջացնելով լուրջ մտահոգություն։
Նշվում է, որ հունիսի 16-ին «Ռոսսելխոզնադզորը» տեսակապի միջոցով քննարկումներ է անցկացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ՝ բուսական արտադրանքի արտահանման ժամանակ կրկնվող խախտումների առնչությամբ։
Նշվել է, որ 2025 թվականի սկզբից ՀՀ-ից մատակարարվող բեռների մոտ 43%-ը նշանակման վայրերում չեն ներկայացվել կարանտինային բուսասանիտարական հսկողության, հայտնում է Sputnik Արմենիան։
Ավելի վաղ, «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ Հայաստանից ծաղիկների ներկրումը կտրուկ աճել է, իսկ դրանցում հաճախակի են հայտնաբերվել կարանտինային օբյեկտներ։ Այս երևույթը հիմք է տվել կարծելու, որ հայկական կողմը թուլացրել է վերահսկողությունը՝ արտահանվող ծաղիկների ծագման երկրի ու որակի նկատմամբ։
Ռուսաստանի տարածքում բուսասանիտարական իրավիճակի վատթարացումից խուսափելու նպատակով, հայկական տեսչական մարմնին ուղարկվել է գրություն՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել մատակարարվող ծաղիկների նկատմամբ վերահսկողությունն ամրապնդելու ուղղությամբ։ Ըստ նույն հաղորդագրության, ներկայում «Ռոսսելխոզնադզորը»-գործընկեր կողմերից ակնկալում է մանրամասներ՝ մատակարարվող տեսականու, ծավալների, արտադրության վայրերի, պահանջարկի աճի պատճառների և արտահանման պլանների վերաբերյալ։
«Ծառայությունը խնդրել է աշխատանք տանել արտահանողների հետ, անհապաղ կասեցնել այն կազմակերպություններին բուսասանիտարական հավաստագրերի տրամադրումը, որոնք նախկինում չեն զբաղվել ծաղիկների արտահանմամբ և ներմուծմամբ», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ եթե համապատասխան հակազդման միջոցներ չձեռնարկվեն և կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերը շարունակվեն, «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի կիրառել հավելյալ բուսասանիտարական սահմանափակումներ։
Հայկական կողմի ներկայացուցիչներն իրենց հերթին հավաստիացրել են, որ ձեռնարկվում են քայլեր՝ բուսասանիտարական վերահսկողության ամրապնդման և արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ։
Ծաղիկների ազգային ասոցիացիայի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանը ընդգրկվել է Ռուսաստան կտրված ծաղիկների խոշորագույն մատակարարների եռյակում։ Հայաստանից արտահանված ծաղիկների ընդհանուր արժեքը կազմել է 32.1 մլն ԱՄՆ դոլար՝ 7.1% մասնաբաժնով։