17 հունիսի 2025 - 12:58 AMT
Գումարի դիմաց բանակում կրճատ ծառայության նախագիծը չի ընդգրկվել ԱԺ օրակարգում

Գումարի դիմաց բանակում կրճատ ծառայության նախագիծըչի ներառվել Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում։ Այն ստացել է ընդամենը մեկ կողմ ձայն, դեմ է քվեարկել 87 պատգամավոր։

Նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, նախքան քվեարկությունը, ելույթ ունենալով ամբիոնից, մեջբերել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, կառավարության նիստի ժամանակ ասել էր՝ եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի՝ իրենց կառավարությունն առաջին տեղը կբռնի՝ բացարձակ համաշխարհային ռեկորդով։

Սարգսյանը, հղում անելով այս հայտարարությանը, ընդգծել է իր դժգոհությունը՝ այն կապելով իր ներկայացրած նախագծի շուրջ հնչող մշտական առաջարկների հետաձգման վերաբերյալ, հայտնում է Aysor.am-ը։

«Հետաձգում չկա»,- շեշտել է ՔՊ խմբակցության պատգամավորը՝ ակնարկելով, որ իր նախագծի վերաբերյալ էլ անընդհատ ասում են՝ հետաձգել։

Այս նախաձեռնությունը մինչև այդ չէր արժանացել հավանության ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովում քվեարկության արդյունքում նախագիծը կողմ է ստացել 5 ձայն, դեմ՝ 4 ձայն, ձեռնպահ՝ 1։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ նախաձեռնությունը եղել է լայնորեն քննարկված, սակայն դրա որոշ ձևակերպումները, կարգավորումները, ինչպես նաև ներկայացման ժամանակը չեն համարվել ընդունելի, հայտնում է Արմենպրեսը։

«Բանակի բարեփոխումների ռազմավարությունը կառավարության հետ միասին մեր առաջնահերթությունների շարքում է։ Թեև նախագծում կան հարցեր, որոնք ուղղված են բարեփոխումներին, սակայն այս տեսքով այն չենք կարող ընդունել։ Մեր խմբակցությունը դեմ կքվեարկի»,– հայտարարել է Կոնջորյանը։

Հեղինակ Հայկ Սարգսյանը, ելույթում նշել է, որ դեռ չի հասցրել նախագիծը ներկայացնել բոլոր գործընկերներին։

«Վարչապետի հանձնարարականներով կշարունակեմ աշխատել մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք կյանքի կոչել այն բարեփոխումները, որոնք կառավարության ծրագրում առկա են։ Ես նույնպես դեմ կքվեարկեմ օրենքի նախագծին», – ասել է Սարգսյանը։

Օրինագծով առաջարկվել է մի քանի տարբերակ՝ ըստ որի քաղաքացիները կկարողանային անցնել պարտադիր զինծառայություն՝ վճարելով պետությանը սահմանված գումար։ Մասնավորապես, 1 ամիս ծառայության դեպքում նախատեսվել է վճարել 24 միլիոն դրամ, իսկ 4 ամիս ծառայության համար՝ 18 միլիոն դրամ։ Սարգսյանը նախատեսել է, որ մինչև 18 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող արական սեռի քաղաքացիների համար պետք է սահմանվի 15 միլիոն դրամ պետական վճար։

Նախագծում տեղ է գտել նաև առողջական խնդիրների հիմքով ազատման մեխանիզմների վերանայման դրույթ։ Մասնավորապես, առաջարկվել է որոշ սահմանափակումներով ծառայության ներգրավման հնարավորություն՝ ինչպես օրինակ՝ կարճատեսություն ունեցող քաղաքացիների՝ ոչ մարտական ստորաբաժանումներում ընդգրկման տարբերակը։