17 հունիսի 2025 - 13:13 AMT
Նախարար․ Եթե հարկ չվճարեինք, ուղղակի պետություն չէինք ունենա

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ եթե հարկեր չվճարեինք, «ուղղակի պետություն չէինք ունենա, անհնար կլիներ գոյություն ունենալ անկախ»։ Այդ մասին նա ասել է ԱԺ–ում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս։

«Բյուջեն մեր բոլորի մասին է, Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու մասին է։ Հայաստանում չկա գոնե մեկ մարդ, ով հարկ չի վճարում, հակառակն անհնարին է»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նախարարը շեշտել է, որ երբեմն հարկային համակարգի բարդությունը ստիպել է իրեն խորհել՝ իսկ փող հավաքելու և հետ վերաբաշխելու իմաստը, իրավամբ, ո՞րն է։

«Ո՞րն է այս շղթայի էականությունն ու անհրաժեշտությունը, եթե կարող էինք ունենալ պարզ մի կյանք, որտեղ ոչ հարկ վճարելու, ոչ էլ այդ գումարը ծախսելու կարիք կլիներ։ Այդ դեպքում է, որ մենք ուղղակի պետություն չէինք ունենա, այդ դեպքում անհնարին է գոյություն ունենալ անկախ, անհնարին է, որ այդ դեպքում մեկ այլ պետության կազմում չհայտնվեինք, որ ինքը կորոշեր ինչքան հարկ վճարենք ու ինչի վրա ծախսվեն մեր կողմից վճարված գումարները»,–ասել է նախարարը։

Նա հավելել է, որ հարկային համակարգն աշխարհում գոյություն ունենալու նախապայման է։