«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը կարո՞ղ է վտանգ ներկայացնել նաև Հայաստանի համար, ասել է, որ Ադրբեջանը որևէ պատճառ չունի Հայաստանի դեմ ագրեսիա սկսելու համար։
«Բնականաբար, ցանկացած լարում տարածաշրջանում, հատկապես Հայաստանի սահմանակից երկրում, առաջացնում է մտահոգություններ, որը կարող է ընդհանուր առմամբ լարել անվտանգային իրավիճակը տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր հարձակմանը, ես պետք է շարունակեմ պնդել, որ Ադրբեջանը չունի որևէ պատճառ և լեգիտիմություն նման գործողություն սկսելու համար», – ընդգծել է պատգամավորը, հայտնում է Արմենպրեսը։
Խանդանյանը հիշեցրել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի ստորագրել խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ։
«Հայաստանն աշխատում է, և շարունակվում են բանակցություններն ու քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորինս մոտեցնելու համար»,- ասել է նա։
Հարցին, թե ինչպիսի՞ն է ռազմական գործողությունների հավանականությունը այս փուլում, Խանդանյանը պատասխանեց․ «Ես նման գնահատական չեմ կարող տալ, բայց կարող եմ նորից կրկնել՝ ագրեսիայի որևէ առիթ, պատճառ և լեգիտիմություն չկա»։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: