ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատել է՝ հունիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա։Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում։
«Այցը հաստատեցի, բայց մնացած մանարամասների համար դիմեք վարչապետի մամուլի ծառայությանը»,-նշել է Սիմոնյանը՝ հավելելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է հրավեր ուղարկել Փաշինյանին, հայտնում է Aysor.am-ը։
«Այդ ընթացքում տարածաշրջանային բոլոր հարցերը քննարկվելու են։ Կարծում եմ՝ այդ այցը պատմական է, քանի որ ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու»,-ավելացրեց նա։
Ավելի վաղ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չէր բացառել Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում Թուրքիա մեկնելու հավանականությունը՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդուհանդերձ, պաշտոնյան չէր հստակեցրել հանդիպման հնարավոր օրակարգը։
Հունիսի 5-ին ՀՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Զրույցի ընթացքում նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացքը և տարածաշրջանային զարգացումները՝ համաձայնեցնելով շարունակել երկխոսությունը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա 2023 թվականի հունիսին՝ մասնակցելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։