17 հունիսի 2025 - 17:06 AMT
Սիմոնյան․ Սահմանին փոփոխություն չկա, ռիսկերն ուսումնասիրվում են

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանն արագ արձագանքել է Իրանում ստեղծված իրադրությանը։ Նա նշել է, որ սահմանային որևէ շարժ այժմ չի արձանագրվել։

Հայաստանը ուշադիր հետևում է Իրանում ծագած զարգացումներին, հայտնում է Aysor.am-ը։

«Այս պահի դրությամբ մտահոգություն չկա, որ կարող է ինչ-որ ձևով ազդեցություն ունենալ մեր հարևանի հետ հարաբերությունների վրա (նկատի ունի Ադրբեջանին-հեղ.), որովհետև խոսակցությունը շարունակվում է, ու կան կոնկրետ գործընթացներ, որոնք ընթացի մեջ են»,- ասել է նա։

Նա նաև հավաստիացրել է, որ Թեհրանում տեղի ունեցած դեպքերից անմիջապես հետո հայկական կողմը իրականացրել է ռիսկերի գնահատում։

«Այո՛, գնահատել ենք, քննարկել ենք շատ վաղ ժամի՝ լույսը չբացված, միջազգային գործընկերների հետ կապի մեջ ենք»,- նշել է Սիմոնյանը։

Ըստ ԱԺ նախագահի՝ այս պահին սահմանային հատվածում որևէ տեղաշարժ չի գրանցվել։

«Պատերազմի հետ կապված ռիսկերը մինիմալ են այսօր, մենք պետք է աշխատենք, որ այն ընդհանրապես չեզոքացնենք, կառավարությունը գործուն քայլեր է անում»,- հավելել է նա։

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ասել է, որ Իրանից եկողներ կան, բայց հոսքը մեծ չէ: