17 հունիսի 2025 - 17:10 AMT
Ապարանում 140-ից ավելի գույք է վնասվել քամու պատճառով

Հունիսի 16-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատակիցները շարունակել են վերացնել նախորդ օրն Ապարանի տարածաշրջանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքները։

Ապարանի համայնքապետարանից տրամադրված տվյալներով՝ ուժգին քամին վնասել է մոտ 140 բնակելի տուն և ավտոտնակ, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքի և 17 տարբեր կազմակերպությունների տանիքներ, 34 մեքենա, մոտ 200 ծառ, 60 էլեկտրասյուն, 50 փողոցային լուսավորության սյուն և 15 արևային կայան։

Վթարավերականգնողական և տեխնիկական գործողություններին ներգրավվել է 205 փրկարար։ Աշխատանքներն իրականացվել են ակտիվ ռեժիմով՝ Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում։ Փրկարարները ապամոնտաժել և հեռացրել են շենքերի տանիքներից վտանգ ներկայացնող թիթեղներն ու կառուցատարրերը, ինչպես նաև մասնատել և տեղափոխել քամուց տապալված ծառերը։ Վնասված էլեկտրասյուները ապամոնտաժվել են էլեկտրացանցի մասնագետների հետ համատեղ։

Վերականգնման գործողությունները իրականացվել են ամբողջ ծավալով՝ նպատակ ունենալով վերացնել բնական աղետի հետևանքները և վերականգնել բնակչության բնականոն կյանքը։