17 հունիսի 2025 - 17:21 AMT
Սիմոնյան․ Ռոբերտ Քոչարյանի՝ ինձ դատի տալու մասով շատ ուրախ եմ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իր դեմ ներկայացված հայցադիմումը՝ ընդգծելով, որ այդ գործընթացը որևէ կերպ չի մտահոգում իրեն։

«Ռոբերտ Քոչարյանի՝ ինձ դատի տալու մասով շատ ուրախ եմ. եթե իմանայի՝ ինձ դատի է տալու, պատրաստ էի պետտուրքը վճարել»,- ասել է Սիմոնյանը, գրում է Radar.am-ը։

Նրա փոխանցմամբ՝ հայցի շրջանակում Քոչարյանը պահանջում է 9 միլիոն դրամ։

«Դե, հիմա դիմել է, 9 մլն դրամ փող է ուզում ինձնից։ Ճիշտ է՝ այդ 9 մլն դրամը 200 մլն դոլարի մեջ բան չի փոխելու։ Ես չեմ կարծում, որ ինքն այդ դատը հաղթելու է։ Ինչ, ե՞ս պետք է ապացուցեմ իմ ասածները, որ ես իմ գնահատականները տվե՞լ եմ։ Այսինքն, էն բանը, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են մարդասպան լինելու մեջ՝ «Մարտի 1»-ի, «Հոկտեմբերի 27»-ի, Պողոս Պողոսյանի, դրանք ե՞ս պետք է ապացուցեմ։ Կարծում եմ՝ ինքը պետք է գա, ապացուցի, որ ինքը մարդասպան չէ, թալանչի չէ»,- ասել է Սիմոնյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ հայցեր է ներկայացրել դատարան։ Քոչարյանը պահանջում է, որ Սիմոնյանը հերքում հրապարակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ավելին՝ պահանջում է նրանից բռնագանձել 6 միլիոն դրամ զրպարտության և 3 միլիոն դրամ վիրավորանքի համար՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում:

Փաշինյանի դեմ ներկայացված հայցում Քոչարյանը պահանջում է հերքել հունիսի 5-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետի կողմից հնչեցված և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է» տեղեկությունը։