17 հունիսի 2025 - 17:34 AMT
Փաշինյանը վերսկսել է հոգևորականների հասցեին գրառումները՝ այս անգամ անդրադառնալով Արշակ սրբազանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ դադարից հետո կրկին գրառումներ է կատարել ֆեյսբուքյան իր էջում հոգևորականների հասցեին։

«Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»,–գրել է նա։

Դրան հաջորդել է մեկ այլ գրառում․ «Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը։ Բառիս բուն իմաստով վեր ընկնի տեղը և բառիս բուն իմաստով՝ պոռնկաբարո»։

Մյուս գրառման մեջ նա գրել է, որ նախկինում հնչած քննադատությունները հաշվի առնելով, «պոռնկացած բարձրաստիճան հոգևորականների մասին խոսելիս օգտագործելու է բացառապես «Կանոնագիրք Հայոցի» բառապաշարը»։

«Կանոնագիրք Հայոցը» Հայ առաքելական եկեղեցու դարերով ձևավորված վարքականոնների ժողովածուն է։ Դրանում է գրված, որ պոռնկացած (արք)եպիսկոպոսը, տվյալ դեպքում Արշակ «սրբազանը», պետք է կարգալույծ արվի։

Նկատի ունեմ, հենց այդ բառերով է գրված մեր Եկեղեցու կանոնների ժողովածուի մեջ։ «Կանոնագիրք Հայոցի» բնորոշմամբ է Արշակ «սրբազանը» պոռնկաբարո։

Սպասենք Կտրիճ Ներսիսյանի արձագանքին, որ իրեն նույնպես բնորոշենք միայն ու միայն «Կանոնագիրք Հայոցի» սահմանումներով։ Էլ ոչ մի դոմփել»,–գրել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։