Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ասել է, թե Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին կարող է Իրաքի նախկին ղեկավար Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ։ Նրա գրասենյակը հայտնել է, որ Կացն այդ հայտարարությունն արել է Իսրայելի պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամանատարների հետ խորհրդակցության ժամանակ։
«Ես զգուշացնում եմ իրանցի բռնապետին՝ չշարունակել պատերազմական հանցագործություններ գործել և հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքացիական բնակչության ուղղությամբ։ Նա լավ կաներ՝ հիշեր հարևան Իրաքի բռնապետի ճակատագիրը, ով ընտրել էր նույն ճանապարհը Իսրայելի դեմ», — ասել է Կացը, գրում է Times of Israjel–ը։
Նա հիշեցրել է, որ Սադամ Հուսեյնը, որին տապալեցին 2003 թվականին ԱՄՆ ներխուժման ընթացքում, հայտնաբերվեց անապատի թաքստոցում և կախաղան բարձրացվեց։
Կացը նաև նշել է, որ Իսրայելը մեկ օր առաջ հարված է հասցրել Թեհրանում գտնվող Իրանի պետական հեռարձակող IRIB-ի կենտրոնակայանին։ Նա ընդգծել է, որ իրանական քաղաքացիական այլ կառույցներ ևս կարող են դառնալ թիրախ։
«Այսօր ևս մենք կշարունակենք հարվածել ռեժիմի և զինվորական թիրախներին Թեհրանում, ճիշտ այնպես, ինչպես երեկ հարվածեցինք քարոզչական և սադրիչ հեռարձակող կառույցին», — հայտարարել է նա։
Կացը նաև զգուշացրել է Թեհրանի բնակիչներին․ «Ես հորդորում եմ Թեհրանի բնակիչներին՝ իրենց իսկ անվտանգությունից ելնելով, լքել այն տարածքները, որոնք նշված են ՊԲ խոսնակի կողմից պարսկերենով հրապարակված հրահանգներում»։
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում, ի պատասխան այն հարցին, արդյոք Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիին, նշել է, որ իշխանությունները «անում են այն, ինչ անհրաժեշտ է», ավելացնելով, որ նրա սպանությունը կարող էր վերջ դնել պատերազմին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Իսրայելի կառավարության ղեկավարը կարծիք է հայտնել, որ Համենեիի վերացումը «չի հանգեցնի հակամարտության սրմանը, այլ կավարտի այն»։ Նա հավելել է, որ Իրանը ձգտում է «հավերժական պատերազմի» և ենթադրաբար սպառնում է «միջուկային պատերազմով»։
Նեթանյահուն ընդգծել է, որ Իրանին հարվածելով՝ Իսրայելը «վերջ է տալիս ագրեսիային» և պայքարում «չարի ուժերի» դեմ։