17 հունիսի 2025 - 18:22 AMT
Իրանի դեսպան․ ՄԱԿ ԱԽ-ն պարտավոր է կանգնեցնել ագրեսիան

ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը, ընդգծել է, որ «սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացվող ագրեսիան վերջին 8 տասնամյակներին այս ռեժիմի կողմից իրականացրած օրենքի խախտման շարունակությունն է»։ Ըստ նրա՝ ՄԱԿ ԱԽ–ն պարտավոր է միջամտել այս հարցում ագրեսիան դադարեցնելու նպատակով

Նա նշել է, որ այդ ռեժիմը եղել է միջազգային իրավունքի և նորմերի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության, այդ թվում՝ մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ամենամեծ խախտողը, հայտնում է 1lurer.am-ը։

«Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված անօրինական զինված հարձակումը հարձակում է ամբողջ ՄԱԿ-ի համակարգի վրա և լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Անվտանգության խորհուրդը պարտավոր է միջամտել այս հարցում ագրեսիան դադարեցնելու նպատակով:

Սիոնիստական ռեժիմն իր ռազմական ագրեսիան արդարացնում է Իրանից եկող անխուսափելի սպառնալիքը կանխելու անվան ներքո և կանխարգելիչ պաշտպանական քողի տակ: Նման հասկացությունը ոչ մի կերպ ընդունված չէ միջազգային իրավունքի տերմինաբանության և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, և, անկասկած, սիոնիստական ռեժիմի գործողությունը ՄԱԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ուժի կիրառման արգելքի մասին սկզբունքի ակնհայտ խախտում է: Համաձայն կանոնադրության 51-րդ հոդվածի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ինքնապաշտպանական իրավունք, և այս իրավունքն անքակտելի է»,- ասել է դեսպանը։

Դեսպանը նաև հայտնել է, որ Իրանի հայ համայնքում զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան, հայտնում է Sputnik Արմենիան։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ռազմական իրավիճակի հետևանքով քաղաքացիներ են հեռացել երկրից և տեղափոխվել Հայաստան, Իրանի դեսպանը պարզաբանել է, որ երկրում իրավիճակը, որքան հնարավոր է, մնում է բնականոն, և զանգվածային ելք չի արձանագրվել։ Ըստ նրա, իրականում հակառակն է՝ Իրանի իշխանություններն աշխատում են, որպեսզի տարբեր երկրներում գտնվող իրենց քաղաքացիները կարողանան վերադառնալ հայրենիք, քանի որ թռիչքների չեղարկումը խոչընդոտել է նրանց վերադարձը։

«Տվյալներ չկան, թե քանի իրանցի է պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխվել։ Սակայն ունենք մեծ թվով քաղաքացիներ, որոնք Ռուսաստան և Թուրքիա էին այցելել. այդ քաղաքացիները կարողացել են Հայաստանի հետ ունեցած ցամաքային սահմանով վերադառնալ երկիր»,- նշել է իրանցի դիվանագետը։

Անդրադառնալով հայ-իրանական ցամաքային սահմանին նկատվող ակտիվության մասին խոսակցություններին՝ դեսպանը նշել է, որ նախքան իրավիճակի սրացումը, շաբաթական մոտ 20 թռիչք է իրականացվել Հայաստանի ու Իրանի միջև։ Սակայն այժմ, թռիչքներն ընդհատված լինելու պատճառով, քաղաքացիները Հայաստան հասնելու համար ստիպված են օգտագործել ցամաքային երթուղիները։

Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Իրանի դեմ՝ մեղադրելով վերջինիս գաղտնի ռազմամիջուկային ծրագրի իրագործման մեջ, որն իբր հասել է անդառնալի փուլին։ Իսրայելի օդային հարձակումների ու դիվերսիոն գործողությունների թիրախ են դարձել Իրանի միջուկային ենթակառուցվածքները, զինվորական հրամանատարությունը, գիտնականները, ավիացիոն բազաները, հակաօդային համակարգերը և «երկիր-երկիր» հրթիռային սպառազինությունը։

Իրանը, որը հերքում է միջուկային ծրագրի ռազմական ուղղվածությունը, արձագանքել է լայնածավալ հրթիռային և անօդաչու հարվածներով՝ թիրախավորելով Իսրայելի ռազմական ու ռազմարդյունաբերական ենթակառուցվածքները։ Երկու կողմերից էլ հարվածները հասել են բնակելի տարածքներին, ինչի հետևանքով զոհեր են գրանցվել քաղաքացիական բնակչության շրջանում։