17 հունիսի 2025 - 18:34 AMT
«Սամվել Կարապետյան, զբաղվելու ենք ձեր հարցերով». Եկեղեցուն պաշտպանելուց ժամեր անց Կարապետյանը բերման է ենթարկվել

Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին։

Ըստ 24news.am-ի տեղեկությունների, հատուկ ուժերը լքել են նրա բնակարանը, իսկ նրա ավտոմեքենան տեղափոխվել է քարշակով։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, անդրադառնալով գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի տանը խուզարկությունների մասին լուրերին, հայտնել է, որ մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ, հայտնում է Factor.am-ը։

Նշված գործողությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն եկեղեցու։

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախազգուշացրել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանին՝ «ինստիտուցիոնալ եղանակով զբաղվելու են իր հարցերով»։

«Ես որպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, իշխող թիմի ներկայացուցիչ՝ ուղիղ ասում եմ Սամվել Կարապետյանին, Սամվել Կարապետյան, գնա, զբաղվիր ՀԷՑ-ովդ, կրկեսի շինարարությունն ավարտին հասցրու, այն պարտավորությունները, որոնք ստանձնել ես, քեզ ինչ-որ տարածքներ են տրվել, որ աշխատանքներ իրականացնես ու չես իրականացրել, իրականացրու, թե չէ մենք՝ որպես Հայաստանի իշխանություն, ինստիտուցիոնալ ձևով զբաղվելու ենք քո հարցերով։ Նախազգուշացնում ենք՝ ի պատասխան տվյալ անձնավորության անիմաստ հայտարարությունների։ Մենք ինստիտուցիոնալ եղանակով զբաղվելու ենք ձեր հարցերով»,- ասել է Հովհաննիսյանը։

Սամվել Կարապետյանն այսօր ասել է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», հայտնում է News.am-ը։

Վերջին շրջանում ՀՀ իշխանություն-եկեղեցի հարաբերությունները կրկին սրվել են։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։