17 հունիսի 2025 - 18:51 AMT
Փաշինյանն ակնարկել է Կարապետյանին. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անուղղակի արձագանքել է ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին բերման ենթարկելուն։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։

Նա այդպես է արձագանքել Կարապետյանի ձերբակալությանը և վերջինիս խոսքերին ի պաշտպանություն եկեղեցու։

Սամվել Կարապետյանն այսօր ասել է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», հայտնում է News.am-ը։

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախազգուշացրել էր Կարապետյանին՝ «ինստիտուցիոնալ եղանակով զբաղվելու են իր հարցերով»։