Հունիսի 10-ին Բեթղեհեմ մեկնած հայաստանցի զբոսաշրջիկները, որոնք չէին կարողանում վերադառնալ Իրան-Իսրայել հակամարտության պատճառով, արդեն տեղափոխվել են Եգիպտոս։
17 հոգանոց խմբի անդամ Մարթա Պալոյանն այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Իսրաելից դեպի Եգիպտոս։ Անվտանգ գոտում։ Շատ ենք հոգնել, բայց ժպիտով»,- գրել է Մարթան։
Ավելի վաղ Մարթան հայտնել էր, որ Բեղթեհեմից դուրս գալու ու Հայաստան վերադառնալու հնարավորություն չունեն, քանի որ շուրջը ռմբակոծություններ են, իսկ տուրիստական կազմակերպությունը զբաղվում է վերադարձի հարցով։
Հունիսի լույս 13–ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Իսրայելի հարձակումներին Թեհրանը սկսել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը։ Այդ մասին հայտարարվել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձից հետո, որտեղ վերջինս խոստացել է կոշտ պատասխան Իսրայելին։