Սահմանամերձ Ագարակի ու Մեղրիի հյուրանոցներում ազատ համարներ գրեթե չկան։ Իրանի սահմանից այս կողմն անցնողները նաև հենց այս բնակավայրերում են գիշերում։
Սեփականատերերն ու աշխատակիցներն ասում են՝ հիմնականում Իրանից եկող երրորդ երկրների քաղաքացիների համար են համարներն ամրագրվում, հայտնում է «Ազատությունը»։
Այսօր ավելի վաղ հայ-իրականական սահմանին աշխատող հայ ծառայողներն պատմել էին, որ մարդկանց շարժը մի քանի անգամ ակտիվացել է՝ Իրանի և Իսրայելի միջև ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր:
Հունիսի լույս 13–ի գիշերը Իսրայելը սկսել է Իրանի դեմ ռազմական գործողություն՝ մեղադրելով վերջինիս գաղտնի ռազմական միջուկային ծրագրի իրականացման մեջ, որը, ըստ Թել Ավիվի, մոտեցել է «անդառնալիության կետին»։ Հարվածների թիրախ են դարձել միջուկային օբյեկտները, բարձրաստիճան գեներալները, հայտնի միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության համակարգերն ու «երկիր-երկիր» հրթիռները։ Իրանն, իր հերթին, հերքել է իր միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչների առկայությունը և պատասխանում է հրթիռային հարվածներով ու հարվածային անօդաչուների կիրառմամբ։ Թեհրանում նշում են, որ հարվածները հասցվում են Իսրայելի ռազմական ու ռազմարդյունաբերական օբյեկտներին։
Իսրայելը և Իրանը շարունակաբար փոխադարձ հարվածներ են հասցնում՝ օրական մի քանի անգամ։ Թել Ավիվը խոստանում է շարունակել արշավը մինչև Իրանի միջուկային ծրագրի ամբողջական ոչնչացումը, մինչդեռ Թեհրանը սպառնում է շարունակել հրթիռակոծությունները, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ռմբահարումները։։