18 հունիսի 2025 - 12:06 AMT
«Հայաստան» խմբակցությունը դատապարտել է Սամվել Կարապետյանի դեմ քայլերը՝ անվանելով դրանք կործանարար

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը դատապարտել է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործողությունները՝ նշելով, որ դրանք «ապօրինի են և կործանարար»։

«Հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանն այսօր, ի պատասխան վարչախմբի անբարո ոտնձգությունների, հանդես եկավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությամբ։ Անմիջապես հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի հաշվեհարդարի սանձարձակ կոչերը գործարարի նկատմամբ և ուժային կառույցներին ապօրինի հրահանգներ իջեցնելը։ Տարածաշրջանի բացառիկ վտանգավոր զարգացումների համատեքստում պետության կառավարման նման անթույլատրելի և անպատասխանատու դրսևորումներն ու ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում»,–ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտարարությամբ հանդես է եկել նաև Մայր Աթոռը՝ խստորեն դատապարտելով տեղի ունեցող զարգացումները։

Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ։

«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»,–ասել է նա։

Ի պատասխան Կարապետյանի այդ խոսքին՝ Փաշինյանը գրել է․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։