18 հունիսի 2025 - 12:23 AMT
Փաշինյան․ Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարելուց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությանը՝ նշելով, որ վերջինս «արժանացել է նրան, որ մի քիչ հանգստանա»։

Փաշինյանը հերքել է տարածված պնդումները, թե Աբազյանն աշխատանքից ազատվել է, քանի որ հրաժարվել է շոու անել Սամվել Կարապետյանի տան առջև, գրում է Aysor.am-ը։

«Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարելուց»,- ասել է վարչապետը։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությունը կապում են գործարար «Սամվել Կարապետյանի դեմ գործողություններից հրաժարվելու հետ»։

Ըստ նրա, օրեր առաջ էլ տեղեկություն կար, որ «ԱԱԾ-ն հրաժարվել է գործողություններ իրականացնել օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորող քաղաքացիների դեմ»։