ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի անդամ, «Նոր մարդիկ» խմբակցության պատգամավոր Ռոզա Չեմերիսը, անդրադառնալով ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի տան խուզարկությանը, դա որոշակի ակնարկ է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ «սև նշան», հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասել է որ Մոսկվան ուշադիր հետևում է զարգացումներին և պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։
Չեմերիսն ասել է․ «Օրինական և բարեգործական գործունեություն ծավալող հայտնի գործարարի տանը խուզարկությունները Փաշինյանի կողմից իրեն ուղղված որոշակի «սև նշան» են՝ քաղաքական մրցակցությունից խուճապահար վախեցող ղեկավարի։ Նա կարծես մոռացել է, թե ինչպես ինքն էր Սերժ Սարգսյանին փոխարինել՝ անվերջ խոստումներով՝ Հայաստանին նոր կյանք բերելու մասին։ Նա նաև մոռացել է, որ մարդիկ արագ են հոգնում դատարկ խոսքերից ու խոստումներից՝ հատկապես իշխանության կողմից, որը խաբել է իրենց»։
Նա հավելել է, որ Կարապետյանի՝ եկեղեցուն աջակցելը պարզապես պատրվակ է Երևանում խուզարկություններ իրականացնելու համար։
«Ի տարբերություն Փաշինյանի, Կարապետյանն արդեն վաղուց վաստակած աջակցություն ունի Հայաստանում՝ հասարակության տարբեր շերտերից։ Նա կառուցում է դպրոցներ ու մանկապարտեզներ, զգալի ներդրումներ է կատարում երկրի ենթակառուցվածքների զարգացման համար։ Նա գործով է բարելավում մարդկանց կյանքը, ոչ թե խոսքերով՝ ինչպես Փաշինյանը։ Դա էլ է անհանգստացնում այս հավակնոտ վարչապետին», –ասել է Չեմերիսը։
Միջազգային «Ռոսիա Սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արձագանքելով Կարապետյանի վերաբերյալ նրա արտահայտություններին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Էֆենդի Փաշինյանը, ով ձևացնում է, թե բոլոր հայերի մասին է հոգ տանում, հենց հիմա Հայաստանում փորձում է ձերբակալել իսկական պաշտպանին՝ Սամվել Կարապետյանին։ Միայն այն բանի համար, որ նա հանդիպել է հայերի հոգևոր առաջնորդի՝ Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ», –գրել է Սիմոնյանը իր Telegram-ալիքում։
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի ռուսական ստորաբաժանման փոխնախագահ Իվան Մելնիկովը պաշտոնական դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Նա կոչ է արել ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ կանխելու իրավապահ մարմինների հնարավոր հակաիրավական գործողությունները, ինչպես նաև պաշտպանելու քաղաքացու և հավատացյալ քրիստոնյայի հիմնարար իրավունքները, այդ թվում՝ խոսքի ազատության իրավունքը, գրում է Sputnik Արմենիան։
Մելնիկովը նշել է, որ անհրաժեշտության դեպքում պետք է պատասխանատվության ենթարկվեն ապօրինի ձերբակալման փորձի կազմակերպման համար պատասխանատու անձինք՝ նման խախտումներ հաստատելու պարագայում։
Նրա խոսքով, ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի, միջազգային իրավունքի այլ դրույթների և Հայաստանի օրենսդրության համաձայն՝ անթույլատրելի են կրոնական դրդապատճառներով հետապնդումները, արգելվում է խոսքի ազատության սահմանափակումը և մտքի ու հավատքի արտահայտման ազատության խախտումը, ինչպես նաև մասնավոր բնակարան ներխուժումը առանց իրավաչափ հիմքի։
Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ։
«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»,–ասել է նա։
Ի պատասխան Կարապետյանի այդ խոսքին՝ Փաշինյանը գրել է․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։