18 հունիսի 2025 - 13:20 AMT
Փաշինյան. ԱԽ նիստերն այն պատճառով չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Անվտանգության խորհրդի նիստերն այն պատճառով չեն, թե Սյունիքի հետ կապված վտանգ կա։

Նա պատասխանեԼ է լրագրողի այն դիտարկմանը, որ վերջին շրջանում անվտանգության խորհրդի նիստեր շատ են հրավիրվում, արդյոք դա պայմանավորված է նրանով, որ Սյունիքում վտանգ կա, հայտնում է Sputnik Արմենիան։

Վարչապետը նշել է, ո ԱԽ նիստեր հրավիրվում են պարբերաբար, որոնց մասին միգուցե հաղորդագրություններ չեն հրապարակվում։

«Այդ նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա. այդ հայտարարությունները ես համարում եմ սադրիչ ու պրովոկացիոն, չհիմնավորված և ՀՀ քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար»,– հայտարարել է Փաշինյանը։

Նրա խոսքով` ՀՀ–ն և Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի դրույթները։

Հունիսի լույս 13–ի գիշերը Իսրայելը սկսել է Իրանի դեմ ռազմական գործողություն՝ մեղադրելով վերջինիս գաղտնի ռազմական միջուկային ծրագրի իրականացման մեջ, որը, ըստ Թել Ավիվի, մոտեցել է «անդառնալիության կետին»։ Հարվածների թիրախ են դարձել միջուկային օբյեկտները, բարձրաստիճան գեներալները, հայտնի միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության համակարգերն ու «երկիր-երկիր» հրթիռները։ Իրանն, իր հերթին, հերքել է իր միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչների առկայությունը և պատասխանում է հրթիռային հարվածներով ու հարվածային անօդաչուների կիրառմամբ։ Թեհրանում նշում են, որ հարվածները հասցվում են Իսրայելի ռազմական ու ռազմարդյունաբերական օբյեկտներին։

Իսրայելը և Իրանը շարունակաբար փոխադարձ հարվածներ են հասցնում՝ օրական մի քանի անգամ։ Թել Ավիվը խոստանում է շարունակել արշավը մինչև Իրանի միջուկային ծրագրի ամբողջական ոչնչացումը, մինչդեռ Թեհրանը սպառնում է շարունակել հրթիռակոծությունները, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ռմբահարումները։։