ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան արձագանքել է Ռուսական պետական հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն՝ Սոլովյովի հետ» հաղորդման վարող Վլադիմիր Սոլովյովի ելույթին, որի ընթացքում վերջինս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, հայտնում է 1lurer.am-ը։
«Այս հեռուստատեսային այլանդակը կարծում է, որ իրավունք ունի երկրի ղեկավարին պիտակավորել ստոր խոսքերով, կոչ անել Հայաստանի ժողովրդին քաղաքական գործողությունների՝ օրինական ընտրված կառավարության դեմ, խաղալ զգացմունքների հետ, տարածել այս ամբողջ էժանագին զառանցանքները՝ ներկայացնելով այն խղճուկ դերասանական խաղով, և միևնույն ժամանակ հույս ունենալ, որ բավական է պարզապես ասել՝ «Սա ներքին գործերին միջամտություն չէ», և վե՞րջ։
Սա ուղղակի միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, նրա ղեկավարության և ժողովրդի նկատմամբ ատելության ու վիրավորանքի գիտակցված տարածում»,–ասել է նա։
ԱԺ նախագահը նշել է նաև, որ պետական հեռուստաալիքով նման արարքները լուրջ վնաս են հասցնում երկրների հարաբերություններին և միայն «խոր զզվանք առաջացնում Հայաստանի բնակչության շրջանում»։
«Հուսով եմ, որ իմ ռուս գործընկերները, որոնց հետ մենք մեկ անգամ չէ, որ քննարկել ենք նման միջադեպերը, կարձագանքեն, և որ հայ հասարակությունը նույն ալիքով, նույն շքեղ «գեղարվեստական» ձևով կլսի հստակ ներողություն»,–ասել է նա։
Սոլովյովն իր հաղորդման ժամանակ, անդրադառնալով հայտնի գործարար և բաերար Սամվել Կարապետյանի տան խուզարկությանը, ասել էր, որ անբասիր համբավ ունեցող այս մարդը պաշտպանել է եկեղեցուն և դրա համար ենթարկվել ապօրինի ձերբակալման փորձի։ Նա ասել է, որ որ Կարապետյանը Հայաստանի համար ավելին է արել, քան որևէ մեկը՝ ստեղծել է հսկայական թվով աշխատատեղեր և ամենածանր պահերին միշտ օգնության է հասել Հայաստանին: