18 հունիսի 2025 - 14:05 AMT
Ալիևն ասել է, թե հարյուր հազարավոր ադրբեջանցիներ պետք է «վերադառնան» Հայաստան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «մոռանալով» Բաքվից և Ադրբեջանի մյուս քաղաքներից ու շրջաններից մազապուրծ փախած հայերի մասին, հայտարարեl է, թե «հարյուր հազարևավոր ադրբեջանցիներ պետք է վերադառնան Արևմտյան Ադրբեջան» և որ Հայաստանը պետք է հարգի «իրենց բնիկ հողերը վերադառնալու ադրբեջանցիների իրավունքը»։

Նա այդ մասին ասել է Բաքվում ընթացող Օմբուդսմենների միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում, գրում է Report.az-ը։

Նրա խոսքով՝ այս պահանջը «խաղաղության հաստատման, բարիդրացիական հարաբերությունների կարգավորման և մարդու իրավունքների պաշտպանության հիմնական պայմաններից է տարածաշրջանում»։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն, արձագանքելով Ալիևի նմանատիպ հայտարարություններին, ասել էր, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են»։ Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը: Արտգործնախարար Միրզոյանը Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» նարատիվն ավելի վաղ տարածքային պահանջ էր համարել Հայաստանի նկատմամբ։