2 հունիսի 2009 - 12:39 AMT
Թուրքիան բարձր է գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հարցում
Թուրքիայի ու Հայաստանի միջեւ առկա խնդիրների լուծումը բխում է ոչ միայն երկու երկրների, այլ նաեւ ողջ Հարավային Կովկասի շահերից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեժդի Գենուլը Թուրք-ամերիկյան խորհրդի Վաշինգտոնում կայացած 28-րդ նիստի ժամանակ:

Ըստ նրա, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ընթանում է 2007 թվականից եւ կողմերը համաձայնեցրել են «ճանապարհային քարտեզը»: Գենուլն ընդգծել է, որ հարկավոր է ավելացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրների շուտափույթ կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը` հավելելով, որ բարձր է գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հարցում:

Թուրքիայի նախարարը նշել է նաեւ, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին սատարող կոնգրեսականների քանակի ավելացումը մինչեւ 125-ը, կարող է վնասել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, հաղորդում է Anatolian News Agency-ն: