Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին, ասել է, որ «այժմ ՀԱԵ–ն մեր պետության գաղափարի կրողը չէ, բայց մենք դա կփոխենք»։
Պատգամավորը ներկայացրել է, թե Պարսկական կայսրության ժամանակաշրջանում ինչ զոհողությունների է գնացել Հայ Առաքելական Եկեղեցին ազգային ինքնության պահպանման գործում ստանձնած առաքելությունը կատարելու համար, ինչպես են այդ զոհողությունները փոխել Հայ Առաքելական Եկեղեցին, և թե ինչպես, ըստ Մարիա Կարապետյանի, այժմ պետք է փոխվի այն, հայտնում է 1lurer.am-ը։
«Գիտեք՝ մեր պատմությունը կրկնվելու հատկություն ունի, քանի դեռ մենք գիտակցաբար այն ինքներս կերտելու պատասխանատվություն չստանձնենք:
Ինչպես այն ժամանակ Հայ Առաքելական Եկեղեցին ազատագրական պայքարի գաղափարի կրողը չէր, հաշտ էր կայսրության հետ, այդպես էլ այժմ Հայ Առաքելական Եկեղեցին մեր պետության գաղափարի կրողը չէ, բայց մենք դա կփոխենք, որովհետև առնվազն մեր ժողովուրդը անտեղի չէ Եկեղեցուն ի պահ տվել իր վանքերը:
Քանի դեռ մեր Եկեղեցին չի ընդունել մեր պետության գերակայությունը՝ որպես մեր ժողովրդի կամքի արտահայտություն, շարունակելու է լինել կայսրությունների մեջ դարեր շարունակ գոյատևելու համար ձեռք բերած հատկությունների կրող»,- ասել է նա:
Այս համատեքստում Մարիա Կարապետյանն անդրադարձել է այն քննարկումներին, թե Եկեղեցու սպասավորների կուսակրոն չլինելու հարցը քննարկելն անձնական կյանքի միջամտություն է:
«Այս քննադատությունը բաց է թողնում մի կարևոր հանգամանք. կուսակրոնությունը հանրայնորեն հանրահռչակված պայման է մեր հազարամյա վանքերը խնամելու համար և ոչ միայն դա անելու համար: Մեզ հետաքրքիր է ոչ թե ինչ-որ մեկի անձնական կյանքը, այլ երեսպաշտությունը, կեղծիքը դադարեցնելը: Կա՛մ կյանքը պետք է համապատասխանի Կանոնագրքին, կա՛մ Կանոնագիրքը՝ կյանքին»,- ասել է նա:
Պատգամավորն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որոշ հոգևորականներին ուղղված քննադատական բառապաշարին:
«Ոմանց նուրբ հոգիները ցնցվել են վարչապետի բառապաշարից: Իմ հոգին ևս, պարո՛ն վարչապետ, խստորեն դատապարտում եմ, սակայն ոմանց պարագայում այդ ցնցումն արժանի ցնցում էր, քանի որ արդեն որերորդ տարին է՝ գուբերնատորները, նրանց սպասարկող հոգևորականները, որոշ բլոգերներ կարծում են, թե երբ հարվածներ են հասցնում պետությանը, դուք պետք է ձեռքերը ներքև պահեք: Ինչո՞ւ եք բարձրացնում, ինչո՞ւ եք հարվածներ հասցնում:
Խստորեն դատապարտում եմ և ամբողջությամբ աջակցում, պարո՛ն վարչապետ, դարերով կուտակված մեր խնդիրները լուծելու ձեր հանձնառությանը որպես քաղաքացի, որպես պատգամավոր:
Սիրելի՛ քաղաքացիներ, մենք չենք մոռացել մեղմ և բարեկիրթ լինելու ձևը, այդպիսին կլինեն բոլորը և շուտով»,- ասել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։