Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել 44-օրյա պատերազմում «Ցորի» Դ-20 դիվիզիոնի քսան զինծառայողների զոհվելու գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը։
Ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին մեղավոր էր ճանաչել ու դատապարտել 5 տարի 6 ամիս ազատազրկման, հայտնում է Panorama.am-ը։
«Շնորհակալություն, պատվարժան դատարան»,-հայտարարել է զոհված տղաներից մեկի հարազատն ու որդեկորույս ծնողները ծափահարել են։
«Աստված օրհնի Ձեր երեխաներին, այն մարդկանց, որոնք ունեն այնքան համարձակություն և չեն մասնակցում սրբապղծությանը»,-հայտարարեցին ծնողները։
Գեներալ-լեյտենանտ Հարությունյանին դատարանը մեղավոր է ճանաչել 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորական ծառայության հանդեպ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար՝ ինչը հանգեցրել է Ցորի Դ-20 դիվիզիոնի քսան զինծառայողների մահվան։ Դատարանը նրան դատապարտել է 5 տարի 6 ամիս ազատազրկման։
Ըստ գործի նյութերի՝ Հարությունյանը մոտեցող հակառակորդին բնութագրել է որպես «մերոնք», ինչի հետևանքով զինծառայողները չեն կարողացել կազմակերպել պաշտպանությունը։ Ջալալ Հարությունյանը շարունակում է մերժել իր մեղավորությունը։