18 հունիսի 2025 - 15:50 AMT
ՀԷՑ-ը տուգանվել է 10 մլն դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հունիսի 18–ի նիստում որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտավորեցնել 10 միլիոն դրամի չափով տուգանք վճարել:

Ընկերությունն իր պարզաբանումներում չի վիճարկել արձանագրված խախտումների առկայությունը։ Արդյունքում, հանձնաժողովն կիրառել է 10 միլիոն դրամի վարչական տույժ, որը սահմանված է փոխանցել պետական բյուջե մեկամսյա ժամկետում։

Հանձնաժողովը նաև պարտավորեցրել է ընկերությանը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը վերացնել բոլոր նմանատիպ խախտումները սպասարկման իր ողջ տարածքում, անհրաժեշտության դեպքում վճարել համապատասխան տույժերը սպառողների իրավունքների խախտման համար և մեկամսյա ընթացքում ներկայացնել հաշվետվություն հանձնաժողովին։

Հանձնաժողովն իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգային ուսումնասիրություն 2025 թվականի փետրվարի 3-14-ը ընկած ժամանակահատվածում՝ ընկերության երեք մասնաճյուղում՝ դիտարկելով սպառողների մոտ առաքված էլեկտրաէներգիայի ծավալներն ու հաշվիչներով արձանագրված տվյալները։ Մոնիթորինգի ընթացքում բացահայտվել են բազմաթիվ թերություններ, որոնք վերաբերել են հաշվիչների և դրանց տեղադրման տուփերի տեխնիկական վիճակին, հաշվառման ճշգրտությանը և սպառողների իրավունքների սահմանափակմանը։

Մասնավորապես՝ 2025 թվականի հունվարի 22-ի դրությամբ ինդուկցիոն (մեխանիկական, ոչ էլեկտրոնային) եռաֆազ առևտրային բոլոր հաշվիչները պետք է փոխարինված լինեին էլեկտրոնային (ավտոմատ գրացմամբ) հաշվիչներով, որոնք ապահովում են նաև էլեկտրաէներգիայի ռեակտիվ բաղադրիչի հաշվառումը ( ԷԲՑ կանոնների 241-րդ կետ)։

Հաշվիչները 30 րոպեանոց միջակայքում պետք է գրանցեն լարման մակարդակը և հզորության գործակիցը (cos), (ԷԲՑ կանոնների 247-րդ կետի 1-ին ենթակետ):

Էլեկտրաէներգիայի նախորդող ամսվա ծախսը պետք է գրանցվի էլեկտրոնային հաշվիչի լուսատախտակի վրա արտածվող ցուցմունքով ավտոմատացված ռեժիմում (պետք է բացառվի տեսուչի կողմից ամսվա սկզբի և վերջի ցուցմունքների տարբերությամբ ծախսի հաշվարկումը), (ԷՄԱ կանոնների 75-րդ կետ):

Փաշինյանը հայտարարել է, որ ԱԺ-ում արդեն շրջանառվում է ՀԷՑ-ի ազգայնացման մասին օրինագիծ։ Նա ասել է, որ մեկ ամիս առաջ կառավարության անդամներին հանձնարարական է տրվել ՀԷՑ-ի կողմից բնակիչներին տված վնասները փոխհատուցելու մասին։ Ըստ վարչապետի, իր հանձնարարականի վերջնաժամկետը հունիսի 21-ին է։

«Ես այդ ակտիվացումն ուղիղ կապում եմ այդ հանձնարարականի, այդ որոշման հետ։ Կառավարության անդամները սկսել են աշխատել, ՀԷՑ-ին հստակ ուղերձ են տվել, որ հաշվարկում եք՝ ժողովրդին, պետական ու մասնավոր կազմակերպություններին ինչ վնաս եք հասցրել։ Լոռի այց եմ կատարել, ուր մտել եմ, հոսանք չի եղել, կամ եղել է, անջատվել։ Սա անհանդուրժելի վիճակ է։ Իսկ եկեղեցին, տվյալ դեպքում, ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է։ ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»,- ասել է նա։