Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կոշտ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ ընդգծելով, որ Իրանը խիստ պատասխան է տալու Վաշինգտոնի ցանկացած ռազմական միջամտության դեպքում Իսրայելի հարցում, իսկ Իրանի ժողովուրդը չի հանձնվի և չի ընդունի կապիտուլյացիա, հայտնել է Tasnim-ը։
«Խելացի մարդիկ, ովքեր ճանաչում են մեր երկիրը, իրանական ազգը և նրա պատմությունը, երբեք չեն խոսի Իրանի հետ սպառնալիքների լեզվով, որովհետև Իրանի ժողովուրդը չի հանձնվի։ Ամերիկացիները պետք է հստակ գիտակցեն, որ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական միջամտություն հակամարտությանն անպայմանորեն կուղեկցվի անդառնալի վնասով հենց իրենց համար», — ընդգծել է նա։
Նշվում է, որ այդ հայտարարությամբ այաթոլլան արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «անհեթեթ հայտարարություններին», ով ավելի վաղ պահանջել էր Թեհրանից «անհապաղ հնազանդություն», գրում է ՏԱՍՍ–ը։
«Իրանի ժողովուրդը հաստատակամորեն կդիմակայի թե՛ պարտադրված պատերազմին, թե՛ պարտադրված խաղաղությանը», — հավելել է իսլամական հանրապետության ղեկավարը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր Իրանի ղեկավարությունից հանձնվել։ Նա նաև ուղղակի դիմել էր Իրանի գերագույն առաջնորդն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը «գիտի, թե որտեղ է նա թաքնվում», և հավելել է, որ իր համբերությունը «սպառվում է»։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն է սկսել՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Դրանից մի քանի ժամ անց Իրանը պատասխան հարված է հասցրել։ Հաջորդող օրերին կողմերը կրկին փոխանակվել են հարվածներով։ Երկու կողմն էլ հայտնել են զոհերի և վիրավորների մասին, հաստատել են տարբեր օբյեկտների վրա հարվածները։