Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից, գրում է Panorama.am-ը։
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմքերի և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունը ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Ս.Կ.-ն զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
2025 թվականի հունիսի 18-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որի կապակցությամբ վերջինիս կողմից նույն օրը որոշում է կայացվել Ս.Կ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
2025 թվականի հունիսի 18-ին Ս.Կ.-ն ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,- տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Կարապետյանի կալանավորման միջնորդությունը կքննի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը։ Նա դատավոր է նշանակվել 2024թ․ նոյեմբերին, հայտնում է «Փաստինֆոն»։
ՔԿ-ից հայտնել են, որ քրեական վարույթով այլ մեղադրվող անձ չկա։
Կարապետյանը ներկայացված մեղադրանքը չի ընդունում, նրա նկատմամբ հետապնդումը պաշտպանության կողմը ապօրինի է գնահատում։
ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է պատիժ՝ իշխանությունը յուրացնելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի ճանապարհով տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Այս արարքը, եթե իրականացվել է հանրային տարածման ձևերով՝ լինի դա զանգվածային լրատվություն, ցուցադրվող ստեղծագործություններ կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ, կարող է պատժվել տուգանքով՝ նվազագույնը քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, հանրային աշխատանքներով՝ 150-ից 270 ժամով, ազատության սահմանափակմամբ՝ 1-3 տարով, կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-ից 2 ամսով կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարով։
Կարապետյանը News.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի հայտարարություններին, որոնք, ըստ նրա, ուղղված են եղել հոգևոր կառույցների և եկեղեցու դեմ. «Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա»։
«Քանի որ ես միշտ եղել եմ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- հարցազրույցի ժամանակ նշել էր գործարարը։