«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Սամվել Կարապետյանի հայտարարություններին՝ շեշտելով, որ հնչեցված մտքերում իշխանության զավթման որևէ կոչ չի տեսել։
«Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞րն էր իշխանություն զավթելու Կարապետյանի հրապարակային կոչը»,– լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Խաչատրյանը, հայտնում է Aysor.am-ը։
«Արդյո՞ք այդ հայտարարության մեջ իշխանություն զավթելու կոչ կար, արդյո՞ք սահմանադրական կարգի տապալման կոչ կար։ Ընդդիմադիր ուժերն էլ ասում են՝ պետք է Նիկոլ Փաշինյանը գնա հանգստանալու, որովհետև 7 տարի է՝ տանջվում է, տառապում է։ Դա նշանակում է՝ իշխանազավթման կո՞չ եմ անում»,– ասել է նա։
Լրագրողների հարցին, թե արդյոք Կարապետյանի «թքած ունեմ ՀԷՑ-ի վրա» արտահայտությունն այլ ենթատեքստ ուներ, պատգամավորը պատասխանել է. «Նկատի ուներ, որ ինձ չեք կարող լռեցնել սեփականության նկատմամբ ոտնձգությունների միջոցով»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Ազգային ժողովում ունեցած իր ելույթի ընթացքում ընդգծել է, որ ընդդիմադիրները չեն կարող մրցակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հռետորաբանության մեջ, հայտնում է Radar.am-ը։
«Ես և այստեղ նստած մեր գործընկերներից որևէ մեկը չեն կարող մրցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Մենք այդտեղ պարտվում ենք, բայց եթե դուք կարծում եք՝ մենք պարտվում ենք, ու դուք շահում եք, չարաչար սխալվում եք»,– ասել է պատգամավորը։
Խամոյանն ասել է նաև, որ Նիկոլ Փաշինյանը բավարար գիտակցում չունի զբաղեցրած պաշտոնի կարևորության մասին։
«Գիտե՞ք՝ ինչու եմ համոզված, որովհետև երբ աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհայինի շեմին, դուք, լինելով երկրի վարչապետ, ստանձնել եք երկրի գլխավոր գինեկոլոգի և ուրոլոգի ֆունկցիաները, ու երբ Հայաստանը պատերազմից 5 պակաս է, երկրի թիվ մեկ հարցը դարձրել եք սրա-նրա կուսությունը ստուգելը»,– ասել է նա։
Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ։
«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»,–ասել է նա։
Ի պատասխան Կարապետյանի այդ խոսքին՝ Փաշինյանը գրել է․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։