18 հունիսի 2025 - 17:50 AMT
Հովնան եպիսկոպոսը՝ կաթողիկոսի հեռացման մասին․ Բացառվում է, մտքներիցդ հանեք

Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը հերքել է լուրերն այն մասին, թե եպիսկոպոսաց դասից ոմանք ՔՊ-ականնեի հետ շփումների մեջ են։

«Նման բան գոյություն չունի, հարյուր տոկոսով կարող եմ հերքել»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Սրբազան Հայրը ցնորամտություն է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Վեհարանը պետք է ազատել Վեհափառ Հայրապետից։

«Վեհարանի վրա ոչ մեկ չի կարող հարձակվել, Վեհարանը կեցավայր է, որևիցե մեկն իրավունք չունի այնտեղ մուտք գործելու»,- նշել է Գուգարաց թեմի առաջնորդը։

Սրբազան Հայրը պնդել է՝ բացառվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը քաղաքական հետապնդումների ֆոնին հեռանա։

«Բացառվում է, մտքներիցդ հանեք»,- ասել է Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։