ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Վեհափառ Հայրապետին և հոգևորականներին վերաբերող գրառումներին, ասել է, որ կուսության հարց չեն քննարկում, այլ լեգիտիմության հարց։
Նա նշել է, որ այսօր ընդդիմության ներկայացուցիչներն ասում են՝ եկել են, կուսության հարց են քննարկում։
«Կուսության հարց չենք քննարկում, քննարկում ենք լեգիտիմության հարց»,- ասել է Փաշինյանը։
«Երկար ժամանակ առանձնապես լուրջ չեմ վերաբերվել այդ բոլոր լուրերին, որոնց մասին այսօր ասում եմ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նա ընդգծել է, որ իր ընկալման համար տարբերություն կա խոսակցության կամ բամբասանքի նմանվող տեղեկության ու հաստատված փաստի միջև։
«Երբ որ իմ առաջ եղել է ապացուցելի փաստ, ես արդեն չէի կարող համոզված չլինել այդ լուրերի ճշմարտացիության մեջ, որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որպես մարդ, ով ունի հոգևոր կյանք, ինձ համար հարց էր, թե ինչպես պետք է վերաբերվեմ այս ամենին, պարզ էր, որ այդ ամենին պետք է վերաբերվեմ՝ համաձայն եկեղեցու ավանդի և կանոնների»,–ասել է Փաշինյանը։
Նա իր հետ ԱԺ է բերել «Համաբարբառ կանոնագիրք հայոց» կանոնների ժողովածուն, պարբերաբար հատվածներ կարդացել։
Նա հավելել է, թե այս օրերին ինչ գրում է, դրանք հիմնավորում է Հայ առաքելական եկեղեցու կանոններով, հայտնում է Aysor.am-ը։
Խոսելով Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին՝ Փաշինյանն ասել է․ «Կտրիճ Ներսիսյանը եկեղեցու իրավական պարտադիր ուժ ունեցող օրենքի համաձայն եկեղեցուց դուրս է։ Իմ սրբության սրբոցում է պղծություն իրականացնող, կուսակրոնության ուխտագիրը խախտած մարդը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է ուխտադրուժ, երդմնազանց, պղծաբարո ներկայությունից ազատվի»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։