18 հունիսի 2025 - 18:22 AMT
Միրզոյան. ՌԴ–ին պաշտոնական հայտագիր ենք ներկայացրել ՀՀ ներքին գործերին միջամտելու համար

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Երևանը ՌԴ–ին պաշտոնական հայտագիր ենք ներկայացրել ՀՀ ներքին գործերին միջամտելու համար:

Նա այդ մասին ասել է՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրավական գործընթաց սկսելուց հետո ռուսական կողմից հնչող հայտարարություններին, գրում է Aysor.am-ը։

«Երեկ ռուսաստանյան հանրային հեռուստաընկերության եթերում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում անձնական բնույթի, այդ թվում ՀՀ ղեկավարության նկատմամբ։ Անմիջապես հետո նմանաբովանդակ արտահայտություններ եղել են ռուսաստանյան քաղաքական գործիչների՝ պատգամավորների և կառավարման մեծամասնության ներկայացուցիչների կողմից»,-ասել է Միրզոյանը։

Միրզոյանը նաև նշել է, որ իրենք նման հռետորաբանությունը գնահատում են ոչ միայն ՀՀ և ՌԴ միջև պատմական բարեկամական հարաբերություններին հակասող, այլև՝ ուղղակի միջամտություն Հայաստանի ներքին գործերին։

«Մենք սա համարում ենք ոչ միայն հակասող ՀՀ-ՌԴ ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունը կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլ ուղղակի բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին և ոտնձգություններ ինքնիշխության և ժողովրդավարության դեմ։ Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին, կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է հասած լինի հասցեատիրոջը»,-ասել է Միրզոյանը։

Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ։

«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»,–ասել է նա։

Ի պատասխան Կարապետյանի այդ խոսքին՝ Փաշինյանը գրել է․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։