Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դադարեցրել է «Պիցցա Տաշիր» ընկերության 3 մասնաճյուղերի արտադրական աշխատանքները՝ տարբեր սանիտարական խախտումների արձանագրման արդյունքում։
Սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները վերահսկողություն են իրականացրել ընկերության մի շարք մասնաճյուղերում, որտեղ հայտնաբերվել են համապատասխան նորմերի խախտումներ։
Մասնավորապես, Երևանի Տերյան փողոցի 69 հասցեում գործող մասնաճյուղում արձանագրվել է սանիտարահիգիենիկ պահանջների խախտում. առաստաղները չեն կառուցվել այնպես, որ կանխեն կեղտի կուտակումն ու գոլորշու խտացումը, ինչպես նաև մասնիկների թափվելը։
Իսահակյան փողոցի 22 հասցեում գտնվող մասնաճյուղում արձանագրվել են մի շարք խիստ խախտումներ՝ սահմանված սանիտարական նորմերին չհամապատասխանող պատերով և առաստաղներով։ Պատերը չեն եղել հարթ, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից։ Առաստաղները ևս չեն համապատասխանում նշված չափորոշիչներին։ Բացի այդ, սննդի վերամշակման գոտում հատակի մի մասը չի ունեցել վերանորոգված հարթ մակերես։
Նմանատիպ խնդիրներ արձանագրվել են նաև Մաշտոցի պողոտայի 50 հասցեում տեղակայված մասնաճյուղում։ Այստեղ նույնպես պատերը չեն բավարարել սանիտարահիգիենիկ չափանիշներին, իսկ առաստաղները չեն բացառել կեղտի ու մասնիկների ներթափանցման ռիսկը։ Հատակի որոշ հատվածներ եղել են վնասված, մակերևույթները՝ անմաքուր, պատրաստված ոչ հարթ և հեշտությամբ մաքրվող նյութերից։ Ավելին, սննդամթերքի հետ ուղղակի շփման մեջ եղած աշխատանքային մակերեսների մի մասը չի եղել նորոգ և կոռոզիայից պաշտպանված։
ՍԱՏՄ-ն սահմանել է ժամկետ՝ այդ խախտումները վերացնելու նպատակով նշված մասնաճյուղերում։
Դեռևս հունիսի 11-ին ՍԱՏՄ-ն հայտնել էր, որ «Պիցցա Տաշիր»-ի մեկ այլ մասնաճյուղ՝ Երևանի Էրեբունի փ․ 17/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտը ևս կասեցվել է, քանի որ աղցանների մեջ հայտնաբերվել են մանրէներ։