Ազգային ժողովում ընթացող Կառավարության հետ հարցուպատասխանին զուգահեռ անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան։ Այն այժմ երկկողմանի փակ է, հայտնում է «Ազատությունը»։
Անհետ կորածներից մեկի ազգականը՝ Արսեն Ղուկասյանը, նշել է, որ հիմնական պահանջը ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանին պաշտոնում վերականգնումն է։ Նա մտահոգություն ունի, որ նրա պաշտոնանկությունից հետո որևէ մեկը գործուն քայլեր չի անի անհետ կորածների հարցերով, և սա կմտնի փակուղի:
Նրա խոսքով՝ Աբազյանի հետ պարբերաբար հանդիպումներ են ունեցել, քանի որ նա էր գլխավորում անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը: Ըստ Ղուկասյանի՝ Աբազյանն իրենց վստահեցրել է, որ մինչև վերջ իրենց կողքին է լինելու:
Անհետ կորածների հարազատներն ասում են, որ ստացվում է նոր տնօրենի հետ պիտի այս թեման սկսեն նորից քննարկել, նրան ներգրավեն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին, որին երբեք, ըստ նրանց, չի մասնակցել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանը:
Ոստիկանության ծառայողները փորձում են բանակցել՝ պողոտան բացելու նպատակով, սակայն առայժմ արդյունք չի գրանցվել։
Տեղում է նաև ԱԱԾ հակահետախուզության վարչության պետ Դավիթ Սանամյանը, որը միացել է բանակցություններին։ Ակցիայի վայր է ժամանել նաև փոխոստիկանապետ Դավիթ Խուդինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում արձագանքել է հարցին՝ ընդգծելով, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացումը որևէ կերպ չի ազդում խնդրի լուծման ընթացքի վրա:
«ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չի կարող փոխել, կա ինստիտուտ և ինստիտուցիոնալ կառույց», – ասել է նա՝ անդրադառնալով անհետ կորածների հարազատների մտահոգություններին, թե Աբազյանի պաշտոնանկությունից հետո իրենց երեխաների ճակատագրով զբաղվող չի լինի։
Փաշինյանն, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին այն մասին, որ անհետ կորած զինվորների հարազատներն անհանգստացած են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխությամբ և հանդիպում են պահանջում վարչապետի հետ, հայտնեց, որ անհետ կորած զինվորների ծնողների ու հարազատների հետ հանդիպում է ունեցել հունիսի 6-ին, հայտնում է Արմենպրեսը։
«Ինչպես նախկինում, այդ անգամ ևս մեր հանդիպումները չեն լուսաբանվում, և այդ հանդիպման ընթացքում մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություն․ իրենք ինձ տվել են 5 կոնկրետ հարց, մենք պայմանավորվել ենք, որ այդ 5 հարցերով ես անձամբ կզբաղվեմ և հենց այդ հանդիպման ժամանակ ասել եմ, որ հարցերը փոխանցելուց ուղիղ երկու ամիս անց տեղի կունենա մեր մյուս հանդիպումը, որպեսզի ես այս բոլոր հարցերին պատասխանեմ»,-նշել է Փաշինյանը։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությունը կապում են գործարար «Սամվել Կարապետյանի դեմ գործողություններից հրաժարվելու հետ»։
Ըստ նրա, օրեր առաջ էլ տեղեկություն կար, որ «ԱԱԾ-ն հրաժարվել է գործողություններ իրականացնել օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորող քաղաքացիների դեմ»։