19 հունիսի 2025 - 11:10 AMT
Մայր Աթոռ. Կարապետյանի կալանավորումը հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով գործարար և բաերար Սամվել Կարապետյանի կալանավորումը և որակելով որպես «վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորում»։

«Քիչ առաջ տեղյակ դարձանք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, ակնհայտորեն տեղի տալով իշխանության բացահայտ ճնշումներին, որոշել է կալանք կիրառել ազգային բարերար Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ։

Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է՝ նպատակ ունենալով վախի ու սպառնալիքի կիրառմամբ Հայոց Եկեղեցուն զրկելու հավատավոր իր հոտի աջակցությունից։

Խստորեն դատապարտելով ամոթալի այս վարքագիծը՝ գնահատում ենք այն որպես հարված ինչպես Հայաստանի Հանրապետության վարկին ու հեղինակությանը, այնպես և Հայոց Եկեղեցուն։

Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Տիար Սամվել Կարապետյանին և Կարապետյան ընտանիքին՝ հայցելով Տիրոջ օգնականությունն ու պահպանությունը նրանց»,-ասվում է հայտարարության մեջ։

Տեր Գրիգոր աբեղա Մինասյանն իր հերթին գրել է, որ «հայը՝ առանց Եկեղեցու, դառնում է անցյալ՝ մենք այլևս զգուշացման փուլում չենք»։

«Մենք կանգնած ենք գոյաբանական պատերազմի շեմին՝ մղված հայի հոգևոր ինքնության դեմ։ Սա կարճաժամկետ ճգնաժամ չէ, այլ կազմակերպված ու համակարգված մարտահրավեր՝ Հայաստանի գործող իշխանությունների անմիջական մասնակցությամբ։ Պետական լծակների և պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով այս պատերազմը ներսից է իրականացվում։

Թշնամին այլևս սահմաններից դուրս չէ։ Նա պաշտոնյան է, խոսում է պետական կնիքով, գործում է իբրև ժողովրդի առաջնորդ, բայց ծառայում է հակահայ օրակարգին։Այսօրվա իրականությանը Գարեգին Նժդեհի խոսքերը սուր ու տեղին արձագանք են. «Ներքին թշնամին է եղել հայ բազուկը տկարացնողը։ Նա է առաջնորդել օտար զորքերը դեպի հայկական լեռնակղզին։ Նրա դավաճանությունն է հաջողության նժարը հաճախ թեքել թշնամու կողմը»,–գրել է նա։

Նրա խոսքով՝ այս «իշխանությունը բացահայտ պայքար է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ՝ կիրառելով հրապարակային հայտարարություններ, օրենսդրական ճնշումներ և կեղծ բարոյական քարոզչություն»։

«Բայց հայ ժողովուրդը չի մոլորվում։ Նա տեսնում է։ Նա զգում է։ Նա տարբերում է՝ ով է խաչակիր, և ով՝ խաչամարտ։ Ժողովուրդը գիտի՝ ով է կանգնած Խաչի առջև՝ աղոթքով, և ով՝ քարկոծմամբ։

Այս պատերազմը քաղաքական լուծում չունի։ Այն միայն դատաստանի ավարտ ունի։ Նրանք, ովքեր այսօր խաչը հալածում են՝ վաղը կանգնելու են այդ նույն Խաչի առջև՝ մերկ, դատարկ ու անպաշտպան։ Առանց ժառանգության, առանց հույսի։ Նրանք չեն հաղթելու։

Նրանք դատապարտվելու են։ Եվ Եկեղեցին՝ սրբազան անողորմությամբ, կկոչի նրանց՝ «մեղավորացն՝ տանջանք յավիտենական»,–ասվում է գրառման մեջ։

Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հարցաքննվում է ՔԿ–ում, իսկ երեկոյան նա 2 ամսով կալանավորվեց՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։