2 հունիսի 2009 - 14:05 AMT
Ղարաբաղի հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու Բաքվի ջանքերը վնասում են բանակցություններին
Բաքվի ջանքերն, որոնք հանգեցրել են հակահայկական բանաձեւերի ընդունմանն Իսլամական կոնֆերանսի կազմակերպության (ԻԿԿ) ղեկավարների նիստերում, միայն վնասում են ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններին: Այդ մասին հունիսի 2-ին Երեւանում Սիրիայի արտգործնախարար Վալեդ Մուալլեմի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Կարելի է միայն ափսոսել, որ Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ երկրների կրոնական զգացմունքները շահարկելու Ադրբեջանի ջանքերը հակահայկական բանաձեւերի ընդունման հանգեցրին»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Նա հավելել է, որ այդ փաստաթղթերը խեղաթյուրում են ղարաբաղյան հակամարտության էությունը եւ բանակցությունները: «Այդ բանաձեւերը չեն կարող նպաստել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ու կայունության ու անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում»,-ասել է Է.Նալբանդյանը` հավելելով, որ հայ ժողովուրդը մահմեդական երկրների հետ համատեղ եւ խաղաղ կյանքի բազմադարյա փորձ ունի: