Իսրայելական 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանի ռազմական օբյեկտներին, որոնց թիվը գերազանցել է 20–ը։ Այդ մաին տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության, թիրախում էին նաև «միջուկային զենքի մշակման օբյեկտներ» և «հրթիռների արտադրության օբյեկտներ»։
Իսրայելական բանակի տվյալներով՝ «Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ ջանքերի շրջանակում, որպես պատասխան Իրանի միջուկային զենքի ծրագրին, հարվածներ են հասցրել զենքի և ցենտրիֆուգերի արտադրության, փորձագիտական և գիտահետազոտական տիպային օբյեկտներին»։ Այս կառույցները նախատեսված են եղել ուրանի հարստացման ծավալներն ավելացնելու համար՝ միջուկային զենքի մշակման նպատակով, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզական վարչությունը տարիներ շարունակ տվյալներ է հավաքել Իրանի արտադրական հզորությունների մասին։
Իրանն իր հերթին հունիսի լույս 19–ի գիշերը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Իսրայելի շտապ օգնության ծառայությունը (MDA) հայտնել է, որ ավելի քան 30 մարդ է վիրավորվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։
Իրանը հինգշաբթի առավոտյան մոտ 20 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից մի քանիսը հարվածել են Թել Ավիվի և նրա արվարձանների բնակելի թաղամասերին։ Հրթիռներից մեկը հարվածել է «Սորոկա» հիվանդանոցին, որը գտնվում է երկրի հարավում՝ Բեեր-Շեվա քաղաքում։
Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը ցուցադրել է տեսաշար, որտեղ նշվում է Իսրայելի արտակարգ ազդարարման համակարգի դեմ կիբերհարձակման մասին, հաղորդել է Nour News գործակալությունը։
«Իսրայելի արտակարգ ազդարարման համակարգի վրա կատարվել է կիբերհարձակում», — ասվում է տեսաշարի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գործակալության պաշտոնական Telegram-ալիքում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ Nour News-ի՝ կոտրելուց հետո Իսրայելի բարձրախոսներով հնչեցվել է իրանցիներին հայտնի երգ՝ նվիրված մահմեդականների և հրեաների միջև Խայբարի մոտ տեղի ունեցած պատմական ճակատամարտին, որն ավարտվել է մահմեդականների հաղթանակով։ Իրանական քարոզչական մշակույթում «Խայբար» բառը դարձել է խորհրդանշական և հաճախ է օգտագործվում հակաիսրայելական հանրահավաքների ժամանակ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ոչնչացրել է իսրայելական պաշտպանության համակարգերը՝ հավելելով, որ բնակիչները այժմ ստիպված են ընտրություն կատարել՝ «դանդաղ մահանալ ապաստարաններում կամ փախչել օկուպացված Պաղեստինից», հայտնում է Mehr-ը։
«Ճշմարիտ խոստում III» գործողության 12-րդ փուլի մեկնարկից հետո տարածած հայտարարության մեջ ԻՀՊԿ–ն նշել է, որ հաջողությամբ կարողացել է ոչնչացնել իսրայելական պաշտպանական համակարգերը ամբողջ Պաղեստինի տարածքում։
Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվել է ավելի քան 220 մարդ, ևս առնվազն 1800-ը վիրավորվել։ Իսկ Իրանում Ռուսաստանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել է, որ զոհված քաղաքացիական անձանց թիվը հասել է մոտ 300-ի։ Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ իրանական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 800-ը։
Իսրայելի և Իրանի միջև բախումները շարունակվում են մի քանի անգամ օրական։ Իսրայելը խոստանում է շարունակել գործողությունները մինչև Իրանի միջուկային ծրագրի լիակատար ոչնչացումը, իսկ Թեհրանը հայտարարում է, որ կշարունակի հարվածները, քանի դեռ չեն դադարեցվել Իսրայելի ռմբահարումները։