Հնդկաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Իրանի կառավարություններին՝ Իրանից Հնդկաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը սահուն կազմակերպելու համար։ Այդ մասին ասվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության կողմից հունիսի 18-ին հրապարակված հաղորդագրության մեջ։
«Հնդկաստանի կառավարությունը շնորհակալ է Իրանի և Հայաստանի կառավարություններին տարհանման գործընթացը սահուն կազմակերպելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ, հայտնում է Արմենպրեսը։
Հնդկաստանն Իրանից տարհանել է 110 հնդիկ ուսանողի, որոնք Հայաստանի տարածքով՝ ճանապարհով, տեղափոխվել են Երևան, ապա՝ հատուկ չվերթով մեկնել Նյու Դելի։
Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանը ցուցաբերել է անհրաժեշտ աջակցություն հնդիկ ուսանողների անվտանգ տարհանման համար։ ՀՀ ԱԳ նախարարը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը այդ հարցը քննարկել են երկկողմ հաղորդակցության շրջանակում։