ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը, մեկնաբանելով գործարար և բարերար Սամվել Կարապետյանի հայտարարությունը, որի հիման վրա իրավապահները հարուցել են քրեական վարույթ, նշել է, որ հրապարակված տեղեկությունների մեջ հանցագործության հատկանիշներ չկան, ընդգծելով գործընթացի քաղաքական բնույթը։
«Այն տեղեկությունը, որը բաց կա, այնտեղ հանցակազմ չկա, ակնհայտ է, որ գործընթացը քաղաքական է»,-դատարանի դիմաց ասել է նա, գրում է Panorama.am-ը։
Վարչապետ Փաշինյանի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հնարավոր ազգայնացման մասին հայտարարությանը անդրադառնալով՝ Սիմոնյանն ասել է, որ «մյուս ներդրողները կհասկանան, որ իշխանությունը վաղ թե ուշ կարող է մոտենալ նաև իրենց բիզնեսներին»։
«Ուղղակիորեն հետապնդում է սկսել և իրավական գործընթացն օգտագործում է այդ հետապնդման համար։ Եթե բիզնեսին է հայացքն ուղղել, ապա պետք է հասկանա, որ ներդրումային միջավայրը Հայաստանում չափազանց խոցելի է և եթե հերթական ներդրումներով կայացած կազմակերպությունն է թիրախավորել, մյուս բոլոր ներդրողներն էլ կհասկանան, որ քաղաքական իշխանությունը վաղ թե ուշ կարող է մոտենալ նաև իրենց բիզնեսներին»,–ասել է նա։
Նար խոսքով՝ եթե ներդրումն են թիրախավորում, ապա այն լուրջ հարված կհասցնի երկիր ներդրումների գործընթացին։
Փաշինյանը հայտարարել է, որ ԱԺ-ում արդեն շրջանառվում է ՀԷՑ-ի ազգայնացման մասին օրինագիծ։ Նա հավելել է, որ «եկեղեցին, տվյալ դեպքում, ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է, ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հունիսի 18–ի նիստում որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտավորեցնել 10 միլիոն դրամի չափով տուգանք վճարել: