Հայաստանում ՌԴ դեսպանությունն Իրանում գտնվող ռուսաստանցիներին իրազեկել է ՀՀ սահմանի «Նորդուզ»-«Ագարակ» անցակետով ցամաքային ուղիով Հայաստան մուտք գործելու տարբերակի մասին։
Նշվում է, որ Հայաստանի և Իրանի միջև սահմանը բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար, և անցումն իրականացվում է առանց նախապես գրանցվելու, ինչպես վավեր արտասահմանյան, այնպես էլ ներքին անձնագրերով։ Հայտարարությունը հրապարակվել է դեսպանատան Տելեգրամյան ալիքում։
«Փոխանակման կետը գործում է «Ագարակ» մաքսային տերմինալի ներսում՝ «Արարարատ Բանկի» մասնաճյուղում, որն աշխատում է շուրջօրյա։
Սահմանային անցակետին ամենամոտ խոշոր բնակավայրը՝ Մեղրին, գտնվում է 11 կմ հեռավորության վրա, որտեղ աշխատանքային օրերին՝ մինչև ժամը 17:00-ն, գործում է ՎՏԲ բանկի տեղական մասնաճյուղը (հասցե՝ Գործարանային փողոց, շենք 1), որտեղ հնարավոր է փոխանակել արժույթ և օգտագործել MIR քարտեր»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Մեղրիից Երևան կանոնավոր ավտոբուսներ չկան, սակայն կան մասնավոր միկրոավտոբուսներ, որոնք ամեն օր մեկնում են մայրաքաղաք՝ առավոտյան ժամը 07:30-ին քաղաքային հրապարակից։ Տեղեր ամրագրելու համար անհրաժեշտ է նախապես կապ հաստատել դիսպետչերի հետ (+374-94-811-718, +374-94-003-462), ճանապարհի արժեքը կազմում է 5 հազար դրամ (մոտավորապես 13 դոլար):
Դեսպանությունը հավելել է, որ «Ագարակ» անցակետից հնարավոր է Երևան հասնել նաև տաքսիով։
Դեսպանատունը նաև նշել է, որ Երևանից դեպի ՌԴ տարբեր քաղաքներ օրական իրականացվում է մինչև 20 ուղիղ չվերթ՝ Aeroflot, Rossiya, Red Wings, S7, Utair, Azimuth, Fly One, Shirak Avia և այլ ավիաընկերությունների կողմից։ Խորհուրդ է տրվել ուշադիր հետևել դեսպանատան, ավիաընկերությունների ու տուրօպերատորների հրապարակած հայտարարություններին։
Իսրայելը և Իրանը շարունակաբար փոխադարձ հարվածներ են հասցնում՝ օրական մի քանի անգամ։ Թել Ավիվը խոստանում է շարունակել արշավը մինչև Իրանի միջուկային ծրագրի ամբողջական ոչնչացումը, մինչդեռ Թեհրանը սպառնում է շարունակել հրթիռակոծությունները, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ռմբահարումները։։