ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ապագայի հստակ գծագրված նախագիծ է։
Նա անդրադարձ է կատարել 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր քաղաքական ուժի կողմից օգտագործված «Ապագա կա, կա ապագա» կարգախոսին՝ ընդգծելով, որ այսօր այդ արտահայտության էությունը կարելի է պատկերացնել արդեն կոնկրետ նախագծի տեսքով, հայտնում է Արմենպրեսը։
«Եթե կա ապագայի հստակ գծագրված նախագիծ, ուրեմն կա ապագա։ Եթե չկա՝ ուրեմն չկա ապագա։ Եվ այո, մենք այդ խնդիրը լուծել ենք։ Այն, ինչ մենք ներկայացնում ենք որպես «Իրական Հայաստանի» գաղափարախոսություն, հենց ապագայի հստակ գծագրված նախագիծ է»,-ասել է նա։
Վարչապետը նշել է, որ այդ նախագծի կարևորագույն տարրերից են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև ինքնիշխան պետության գիտակցման մակարդակի բարձրացումը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթները, շեշտել էր նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը։ Վարչապետն ընդգծել է, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է, քանի որ նախկին հանրաքվեների նկատմամբ առկա է լեգիտիմության լուրջ պակաս՝ հանրային ընկալման տեսանկյունից:
Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության գլխավոր նպատակն է հեռանալ «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից և ձևավորել պետականակերտ ժողովրդի գործելակարգ»՝ հիմնված սահմանադրական համերաշխության և ժողովրդավարական մասնակցության վրա: