Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։
Վերջինս համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության ամենազգայուն ձայներից մեկն է։
Հատկանշական է, որ առաջին անգամ «Ոսկե ծիրանը» կպատվի աֆրիկացի ռեժիսորի։
Աբդերահման Սիսակոն ավելի քան 20 մրցանակների դափնեկիր է։ Եղել է Բեռլինի (2003) և Կաննի (2000, 2003, 2007) կինոփառատոների ժյուրիի անդամ։ Ղեկավարել է Ֆրանսիայի ամենամեծ կինոդպրոցի՝ La Femis-ի (2008) հանձնաժողովը։
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոններից: