2 հունիսի 2009 - 14:23 AMT
Ազգային պատկերասրահում 16 ֆիլմ կցուցադրվի արգենտինյան տանգոյի մասին
Հունիսին արգենտինյան տանգոյի սիրահարներին նվեր կմատուցվի. հունիսի 5-ին Հայաստանում մեկնարկում է «Տանգոյի ամիսը»: Յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի Ազգային պատկերասրահի կինոդահլիճում բոլոր ցանկացողները կկարողանան դիտել ֆիլմեր արգենտինյան տանգոյի մասին: Մեկ ամսվա ընթացքում կցուցադրվի 16 գեղարվեստական, վավերագրական, երաժշտական ֆիլմ, որոնց գլխավոր դերում կլինի արգենտինյան տանգոն:

«Tango Argentino»-ն կբացվի հատուկ միջոցառմամբ «The Club»-ում, որին կմասնակցի ծրագիրը կազմող Ջեկ Պողոսյանը, այնուհետեւ պարային ֆիլմերի սիրահարները պատկերասրահի կինոդահլիճի էկրանին կդիտեն հարավամերիկյան զուգապարի մասին կինոժապավենները: Նախաձեռնությունն իրականացվում է Արգենտինայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Տանգոն տարածում է ստացել Բուենոս-Այրեսի աֆրիկացիների համայնքների միջոցով` հին աֆրիկյան պարային շարժումների հիման վրա: Տանգո բառը նույնպես աֆրիկյան ծագում ունի: Արգենտինյան տանգոն բաղկացած է բազմատեսակ ոճերից, որոնք զարգացել են Արգենտինայի եւ Ուրուգվայի տարբեր շրջաններում եւ դարաշրջաններում: