Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Վերջին 7 տարիների պատմությունը հաջողության ու ոչ թե անհաջողության պատմություն է։
«Շատ են խոսում այն մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ՝ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։
Փաշինյանի խոսքով՝ ԼՂ հարցը, որպես թոկ, օգտագործվել է, որ Հայաստանը չգտնվի։
«Հայաստանը կայանում է, Հայաստանի ապագայի նկատմամբ ես ավելի լավատես եմ, քան՝ երբևէ»,- ասել էվարչապետը։
Նա նաև ասել է, որ երբ 2018 թվականին ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը, արձանագրել է, որ ինքը պայմանականորեն է վարչապետ, իսկ լիարժեք վարչապետ է զգացել 2022 թվականի հոկտեմբերի 6-ից:
«2025 թվականի հունիսին ինձ համար անենաշատը հենց սա է փոխվել, ես արձանագրել եմ, որ Հայաստանի լիարժեք ու ամբողջական վարչապետ եմ»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա համոզմամբ՝ այդ իրավիճակը հնարավոր է դարձել նրանց շնորհիվ, ովքեր նահատակվել են, ինչպես նաև հայ ժողովրդի աջակցությամբ։
«Մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ ՀՀ կառավարություն ենք, որ պետություն ենք։ Ես, այո՛, արձանագրում եմ, որ 2018-ին ու 2019-ին ես եղել եմ ֆորպոստի վարչապետ, իսկ 2020 թվականի նոյեմբերից հետո ես, թերևս, եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում ու, կարծում եմ, որ սա շրջադարձային կետ է եղել, երբ մենք մեզ հարց ենք տվել՝ ի վերջո, ի՞նչ ենք մենք ուզում։
Մենք գտնվել ենք վերջնական ֆորպոստացման գծի եզրին ու մենք հարց ենք տվել՝ ուզո՞ւմ ենք գիծը հատել, մենք որոշել ենք, որ չենք ուզում հատել ու սա այն կետն է, որտեղ մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է տեղի ունենան ընտրություններ ու ժողովուրդը պետք է կայացնի որոշում»,- ասել է նա։
Փաշինյանը հավելել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից սկսած ինքը համարվել է առաջին ղեկավարը, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմաթիի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: