Ազգային ժողովը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին:
Փաստաթղթին կողմ է քվեարկել 63 պատգամավոր, 1 ձեռնպահ, դեմ ձայն չի եղել:
Գլխավոր ֆինանսական փաստաթղթի կատարողականի վերաբերյալ իրենց հակադիր դիրքորոշումներն են հայտնել ԱԺ խմբակցությունները:
«Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Թադևոս Ավետիսյանը: Պատգամավորը քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը, պետական բյուջեի կատարողականի համատեքստում զուգահեռներ անցկացրել վերջին մի քանի տարիների միջեւ՝ նշելով, որ բնակչության կենսամակարդակը ոչ միայն չի բարելավվել, ինչպես խոստացվել էր, այլեւ վատացել է:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հակադարձել է ընդդիմադիր գործընկերների հնչեցրած քննադատություններին, ներկայացրել իր փաստարկները:
Ամփոփելով ելույթը՝ նա նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության կատարողականին:
Հարակից զեկույցում ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է հաշվետու տարում մարզում իրականացված ծրագրերն ու պետական բյուջեի կատարողականը: