Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «գույքի ազգայնացումը չպետք է շփոթել բոլշևիկյան ռեկվիզիցիայի հետ»։
«Ազգայնացումը սանկցիա չէ, այն չի կարող մտահոգվելու առիթ լինել որևէ սեփականատեր ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար, որ վերջինիս էլ իբր դրդի դիմելու հակազդման քայլերի: Այն լրջագույն բեռ է հենց պետության համար: Գույքի ազգայնացումը չպետք է շփոթել գայթակղիչ բոլշևիկյան ռեկվիզիցիայի հետ, քանզի այս դեպքում գույքի սեփականատիրոջը շուկայական արժեքով պետությունը ամբողջովին հատուցում է ոչ միայն գույքի արժեքը, որը կարող է գերազանցել մի քանի հարյուր մլն դոլարը, այլև պատճառված վնասները:
Ազգայնացման արդյունքում պետությունը ոչ միայն ստանձնում է կառավարման արդյունավետությամբ պայմանավորված ֆինանսական ռիսկերը, այլև զրկվում է մի շարք բյուջետային մուտքերից: Այս ամենը հակասում է ներդրումային ողջամիտ քաղաքականությանը:
Իրականում խելամիտ կլիներ պետության սեփականությունը առաջնահերթ վերականգնել ընդերքի նկատմամբ, քանզի ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, հատուցման առնչությամբ գումարներն անհամեմատ փոքր են, երաշխավորվում է պետբյուջեի հսկայական մուտքեր և, վերջապես, շահագործման կտրվածքով առանձնակի բարդություններ չկան»,–գրել է նա։
Փաշինյանը հայտարարել է, որ ԱԺ-ում արդեն շրջանառվում է ՀԷՑ-ի ազգայնացման մասին օրինագիծ։ Նա հավելել է, որ «եկեղեցին, տվյալ դեպքում, ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է, ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հունիսի 18–ի նիստում որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտավորեցնել 10 միլիոն դրամի չափով տուգանք վճարել: