Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը, ելույթ ունենալով լրագրողների առջև նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մոտ անցկացված խորհրդակցությունից հետո, մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե որ երկրների ղեկավարներն են ժամանելու Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումին, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։
Նա հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի միջոցառմանը տեսակապով։
ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարները (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան) հաստատել են անձամբ մասնակցությունը։
Ֆորումի շրջանակում նախատեսված է լիագումար նիստ՝ Բելառուսի նախագահի և օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ։
Նախարարի խոսքով՝ լիագումար նիստի ընթացքում մասնակիցները կներկայացնեն տարածաշրջանի զարգացման, ԵԱՏՄ-ում և գլոբալ հարթակում առևտրատնտեսական ու ֆինանսական կապերի վերաբերյալ իրենց տեսլականը, իսկ պետությունների ղեկավարները կարտահայտեն իրենց գնահատականները ներկայիս համաշխարհային իրավիճակի վերաբերյալ։
Դիտորդ պետություններից սպասվում է Կուբայի նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսի պաշտոնական այցը։ Նշանակված մասնակցություն ունի նաև Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։ Ավելի վաղ հայտնել էին նաև Իրանի նախագահի հնարավոր այցի մասին։
«Պարզապես դեռ հույս ունենք Իրանի նախագահի պաշտոնական այցի վրա։ Թեպետ հասկանում ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը, մաղթում ենք շուտափույթ կարգավորում և խաղաղություն այդ հողում։ Սակայն առայժմ այդ պատվիրակության այցը դեռ ծրագրում է», — նշել է Մաքսիմ Ռիժենկովը։
Ֆորումից հետո՝ հունիսի 27-ին, նախատեսվում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ։
«Նեղ և լայն կազմով պետությունների ղեկավարները կքննարկեն ընթացիկ օրակարգը, կընդունեն կարևոր որոշումներ միությանզարգացման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև կստորագրվեն երկու համաձայնագիր՝ ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի, ԵԱՏՄ-ի և Էմիրությունների միջև տնտեսական համագործակցության մասին։ Դրանք լայն հնարավորություն կտան ԵԱՏՄ անդամ պետություններին կառուցելու առևտրատնտեսական հարաբերություններ այս պետությունների հետ», — հաղորդել է Մաքսիմ Ռիժենկովը։
Ֆորումը կանցկացվի հունիսի 26-ին՝ Մինսկի միջազգային ցուցահանդեսային կենտրոնի «Բելէքսպո» բազայում։ Արդեն գրանցվել է ավելի քան 2 հազար մասնակից 29 երկրից, ինչը վկայում է միջոցառման նկատմամբ բարձր հետաքրքրության մասին։ Մասնակիցների թվում են ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Բելառուսի՝ ԱՊՀ, Ասիայի և Աֆրիկայի հիմնական գործընկերների ներկայացուցիչներ։