19 հունիսի 2025 - 17:12 AMT
Զեյնալյան․ Իմ կենսագրությունն ավելի շատ իրավապաշտպանի կենսագրություն է, քան քաղգործչի

Իր ելույթում Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը շեշտել է, որ իր կենսագրությունը ոչ միայն քաղաքական գործչի, այլև իրավապաշտպանի գործունեության պատմություն է։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հղում անելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի զեկույցին, հետաքրքրվել է՝ արդյոք տարիներ շարունակ «Հանրապետություն» կուսակցության կազմում գտնվելը կարող է որևէ ազդեցություն ունենալ թեկնածուի անկախության վրա, հայտնում է Արմենպրեսը։

Ի պատասխան, Զեյնալյանն ընդգծել է, որ իր կուսակցական ներգրավվածությունն ավարտել է մինչև թեկնածությունն առաջադրելը։

Նա հավելել է. «Կարծում եմ, որ իմ կենսագրությունն ավելի շատ իրավապաշտպանի կենսագրություն է, քան քաղաքական գործչի։ Եթե կարդացել եք, ապա երևի եզրակացրել եք, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենաշատ Սահմանադրական դատարան դիմած փաստաբանն եմ։ Այդ գրեթե բոլոր գործերով սպառել եմ ներպետական պաշտպանության միջոցները և դիմել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այսինքն՝ անկախ իշխանության ով լինելուց, ես կարող եմ ունենալ և ունենում եմ տարակարծություն, որը հասցնում եմ Սահմանադրական դատարան»։

Պատասխանելով պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն հարցին, թե արդյոք կարելի է փոխել ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքելու նպատակով՝ Զեյնալյանն ասել է, թե ՀՀ–ում նման դեպք եղել։

«Հայաստանի Հանրապետությունում այդպիսի դեպք եղել է, որ Սահմանադրությունը փոխվի, որպեսզի վավերացվի միջազգային պայմանագիրը»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Ըստ նրա՝ 2015 թվականին Սահմանադրության փոփոխությունը իրականացվել է այն նպատակով, որպեսզի Հայաստանը կարողանա վավերացնել Հռոմի ստատուտը։

Մեկնաբանելով Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելու վերաբերյալ հարցադրումը՝ Զեյնալյանը նշել է, թե այն Սահմանադրության բովանդակային հատվածի մեջ չի մտնում և կորցրել է իր իրավական ուժը` հավելելով, որ այս դիտարկումն ամրագրված է ՍԴ հատուկ կարծիքի մեջ։

Միևնույն ժամանակ, Զեյնալյանը խուսափել է արտահայտվել այն դեպքի վերաբերյալ, երբ ՍԴ շենքը շրջապատվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով՝ նշելով, որ այդ գործով դիմում է ներկայացված Եվրոպական դատարան։

Ավելի վաղ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են, քանի որ նա իր գործունեությունը շարունակելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանy մայիսի 27-ին որոշմամբ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն առաջադրվել է ՍԴ դատավորի պաշտոնում։

Հունիսի 19–ին հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու կազմում գործող «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն այլևս ավագանու անդամ չէ՝ վայր է դրել մանդատը։